29 սեպտեմբերի 2007 - 16:28 AMT
Մեթյու Բրայզան պատրաստ է ծախսել իր ողջ էներգիան Ղարաբաղի հարցի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կաջակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների հետագա ամրապնդմանը: «Ես պատրաստ եմ ծախսել իմ ողջ էներգիան Ղարաբաղի հարցի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա, քանի որ այդ հարցերի կարգովորումը եւս կամրապնդի Ադրբեջանի եւ Թուրքիայի կապը», հայտարարել է նա թուրքական «NTV» հեռուսաալիքին տված հարցազրույցում:

«ԱՄՆ-ն բավական դրական կընդունեն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման քայլերը: Լավ կլիներ, եթե Անկարան ու Երեւանը կարողանային իրենց ջանքերով մերձեցնել դիրքորոշումները` ստեղծելով նորմալ եւ դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է Բրայզան:

Բրայզան նշել է, որ հոյակապ հասկանում է` որքան բարդ է այդ հարցը, քանի որ անձամբ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ բոլոր այդ խոչընդոտների վերացումը թույլ կտա նաեւ արագացնել Թուրքիայի ինտեգրումը Եվրամիություն: