Մինչև տարեվերջ կգործարկվի ԱՊՀ երկրների միջև փոստային փոխանցումների նոր համակարգ` PosTransfer

Մինչև տարեվերջ կգործարկվի ԱՊՀ երկրների միջև փոստային փոխանցումների նոր համակարգ` PosTransfer

PanARMENIAN.Net - Հայփոստ ՓԲԸ-ն հայտնում է Համաշխարհային փոստային միության ներքո փոստային դրամական փոխանցումների նոր համակարգի՝ PosTransfer նախագծի ստեղծման մասին:

Նախագծի առաջին փուլը կգործարկվի Հայաստանում, Բելոռուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում և Ուկրաինայում: Նոր համակարգն ամբողջությամբ կներդրվի 2017թ. տարեվերջին:

Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր 2016թ-ի սեպտեմբերին Ստամբուլում կայացած Համաշխարհային փոստային միության կոնգրեսի ընթացքում:

Հայփոստում նշում են, որ արդեն իսկ ստեղծված է միասնական պլատֆորմ, մշակված է ծառայության ֆիրմային ոճն ու լոգոն: PosTransfer փոստային դրամական փոխանցումների համակարգը ենթադրում է փոխանցումների ընդունում և վճարում փոստային օպերատորների մասնաճյուղային ցանցի միջոցով՝ կիրառելով հեռահաղորդակցման միջոցներ, այդ թվում բջջային հավելված: Փոխանցումները հասանելի կլինեն անմիջապես ուղարկելուց հետո, առցանց ռեժիմով՝ բոլոր անդամ երկրների համար միասնական օպերացիոն և տեխնոլոգիական ստանդարտներով:

Համաշխարհային փոստային միության անդամ մնացած երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում:

Համաշխարհային Փոստային Միությունը միավորում է 193 երկիր, հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն և ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---