1 հոկտեմբերի 2007 - 14:41 AMT
Վ.Օսկանյան. Ճշմարտության ճանաչումը քաղաքական հարաբերությունների համար խոչընդոտ դիտարկելը ցինիզմ է
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վ.Օսկանյանի նամակում մասնավորապես ասվում է. «Ես հեռու եմ կանգնել ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 106 բանաձեւի գործընթացից: Սա պայմանավորված էր նրանով, որ իմ կարծիքով, բանաձեւի բովանդակությունն ու նպատակը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամների եւ նրանց ընտրազանգվածի խնդիրն են: Մեզ համար դրանում որեւէ պատմականորեն ոչ ճշգրիտ փաստ չկա, կամ որեւէ բան, որը վտանգի այլ երկրի շահերը: Այնուհանդերձ, մենք զերծ ենք մնացել հրապարակային հայտարարություններից:

Տիկին խոսնակ, ութ նախկին պետքարտուղարների կողմից Ձեզ հասցեագրված վերջին նամակը քննարկման բնույթը փոխելու քայլ է անում: Այդ նամակը հստակորեն անդրադառնում է այնպիսի գործընթացների, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը, եւ հենց այդ պատճառով, ես կուզենայի առիթն օգտագործել` կիսելու իմ մտահոգություններն ու խոհերը:

Վրդովմունքով կարդացի նամակում այնպիսի պնդումներ, որ բանաձեւը կարող է վնաս հասցնել հայ-թուրքական հարաբերություններին: Իրապես ցավալի է, որ ութ փորձառու դիվանագետ տեղիք են տալիս Թուրքիայի մեքենայություններին: Ես ափսոսանքով պիտի նշեմ, որ որեւէ գործընթաց, որը կխթաներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, գոյություն չունի: Մտահոգություններ հայտնել գոյություն չունեցող գործընթացը վնասելու առումով` նվազագույնը շինծու կեցվածք է:

Ավելին ասեմ: Ոչ միայն որեւէ գործընթաց չկա, ես կարող եմ անկեղծորեն խոստովանել, որ մենք որեւէ հույս չունենք, որ Թուրքիան լրջորեն կներգրավվի որեւէ գործընթացում` արդյունքում նվազագույն նորմալ հարաբերությունների հասնելու ակնկալիքով: Իմ վատատեսությունը հիմնվում է մի փաստի վրա, որ ամեն անգամ, երբ մենք համաձայնում ենք որեւէ հանդիպման, հենց հանդիպում ունենալու հանգամանքը Թուրքիայի կողմից օգտագործվում է ԱՄՆ-ում կամ աշխարհում` այլ մարմիններում ընթացող գործընթացները տապալելու համար: Մինչդեռ հանդիպումն ինքնին որեւէ նոր դուռ չի բացում, չի ունենում համարժեք հետեւանքներ, եւ բացի «հանդիպում` հանուն հանդիպման» լինելուց, որեւէ առաջընթաց չի գրանցում: Սա մեզ վրդովեցնում է, սակայն անհետեւանք է մնում Թուրքիայի ղեկավարության համար:

Այս անգամ եւս, մենք համաձայնեցինք իմ եւ Թուրքիայի նորընտիր արտգործնախարարի` Ալի Բաբաջանի միջեւ հանդիպմանը հաջորդ շաբաթ Նյու Յորքում` լավ գիտակցելով մեր պարտականությունն օգտագործել յուրաքանչյուր առիթ հարաբերությունները բարելավելու համար: Նախքան անգամ այդ հանդիպման տեղի ունենալն արդեն պնդումներ են հնչում, որ այդ դեռեւս չկայացած հանդիպումը մի ինչ-որ գործընթացի մաս է, որը կարող է վտանգվել:

Տիկին խոսնակ, Հայաստանը մշտապես պատրաստ է եղել նորմալ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների համար: Այնուհանդերձ, նորմալացման հանգեցնող յուրաքանչյուր նախաձեռնություն արժանացել է Թուրքիայի մերժմանը: Փոխարենը, վերջինս շարունակաբար նախապայմաններ է առաջ քաշում: Թուրքիան առաջարկներ է ներկայացնում, որոնք պարզապես անվերջ բանակցությունների հայտ են` առանց հարեւանների միջեւ սովորական հարաբերությունների հասնելու լուրջ հանձնառությունների: Անգամ պատմական հանձնաժողով կազմելու իրենց կոչը` քննարկելու այդ ցավոտ պատմական իրադարձությունները, լուրջ չէ` հաշվի առնելով ազատ խոսքի եւ քննարկման վրա դրված սահմանափակումներն իրենց քրեական հետեւանքներով եւ այն ոչ բարեկամական մթնոլորտը, որ Թուրքիան է ստեղծել` Հայաստանի հետ սահմանները փակ պահելով:

Ճշմարտության ճանաչումը քաղաքական հարաբերությունների համար խոչընդոտ դիտարկելը ցինիզմ է: Մի բանաձեւ, որն անդրադառնում է մարդու իրավունքների ու ցեղասպանության հարցերին, չի կարող վնասել որեւէ մեկի երկկողմ հարաբերությունները` ոչ ձերը` Թուրքիայի հետ, ոչ էլ մերը: Ես կոչ եմ անում Ձեզ եւ Ձեր գործընկերներին, ինչպես նաեւ նախկին պետքարտուղարներին ընդունել, որ աշխարհաքաղաքական այդ նույն մտահոգությունները մեզ բոլորիս պիտի մղեն անելու ամեն հնարավորը սահմանները բացելու համար, այլ ոչ թե` պարգեւատրելու անզիջողականությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ի պաշտոնաթող պետական քարտուղարներ` Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը, Ուորրեն Քրիսթոֆերը, Լորենս Իգլբերգերը, Ալեքսանդր Հեյգը, Հենրի Քիսսինջերը, Քոլին Փաուելը եւ Ջորջ Շուլցը դիմել են նամակով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որտեղ համոզում էին նրան չդնել քվեարկության Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Պետդեպարտամենտի նախկին ղեկավարները մտահոգություն են հայտնել այն մասին, որ «բանաձեւի ընդունումը կարող է վտանգի ենթարկել ԱՄՆ-ի ազգային շահերը տարածաշրջանում, ներառյալ Իրաքում եւ Աֆղանստանում տեղակայված զորքերը, եւ վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»: