Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը մեկնարկում է

Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը մեկնարկում է

PanARMENIAN.Net - Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրն է մեկնարկում: Մարտի 7-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը՝ ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությունը «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարում» ծրագրի շուրջ, մասնավորապես՝ Նուբարաշենի գերեզմանոցում թաղված թունաքիմիկատների ոչնչացմանն ուղղված միջոցառումների իրականացման նախագիծը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ԱԻՆ ենթակայության և գործառնական կառավարման ներքո գտնվող վտանգավոր քիմիական թափոնների կառավարման Կոտայքի ազգային կենտրոնի կառուցումը և շահագործումը: Այն ծառայելու է որպես վտանգավոր քիմիական թափոնների կառավարման/պահեստավորման արդիական միջազգային չափանիշներին համապատասխան ապահով միջանկյալ պահոց/կենտրոն:

Պահեստային շինության կառուցումը հնարավորություն կտա նաև իրականացնել ներկայումս չգործող և վերահսկողությունից դուրս գտնվող օբյեկտներում մնացած վտանգավոր քիմիական նյութերի հետագա անվտանգ պահպանության խնդիրը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԶԾ-ի միջև Մտադրությունների մասին հուշագրի ստորագրաման նախագծի կազմումը:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը վնասազերծելու նպատակով Հայաստանի կառավարությունը և միջազգային կառույցները առաջարկում են Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքի մոտ, ստեղծել ազգային պահեստ և Նուբարաշենի թունաքիմիկատները տեղափոխել այնտեղ և նախապես ապահովել թունաքիմիկատների անվտանգ փաթեթավորում: Ինչ վերաբերում է չեզոքացման միջոցառումներին, ապա «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագրի պայմանն է, որ թունաքիմիկատները կարող են ոչնչացվել միայն եվրոպական չափանիշների համաձայն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---