1 հոկտեմբերի 2007 - 14:54 AMT
Մերձավոր Արեւելքի երկրներն ամենավտանգավորներն են հայկական սփյուռքի համար
Լիբանանի հայ համայնքը երկրի մի մասն է կազմում եւ ակտիվորեն մասնակցում է պետության հասարակական-քաղաքական կյանքին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը: Հայ դիվանագետը նշել է, որ հայկական ԶԼՄ-ների կողմից Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, Լիբանանում կատարվող իրադարձությունների լուսաբանումը չի համապատասխանում Հայաստանի շահերին: «Անաչառ գնահատական տալու փոխարեն, Հայաստանի որոշ ԶԼՄ-ներ կուրորեն կրկնում են արեւմտյան կլիշեները Լիբանանի հակամարտող խմբավորումների մասին, անվանելով նրանց ահաբեկիչներ եւ ֆունդամենտալիստներ: Դա առավել եւս անհասկանալի է, քանի որ այդ «ահաբեկիչները» տեղեր են զբաղեցնում խորհրդարանում, վերահսկում են բանակը եւ Լիբանանի տարածքի մի մասը»,-ընդգծել է Տեր-Ղեւոնդյանը:

Հայաստանի դեսպանն ընդգծել է նաեւ, որ Մերձավոր Արեւելքի երկրներն ամենավտանգավորներն են հայկական սփյուռքի համար, նկատի ունենալով նրանց պայթյունավտանգ լինելը: «Ուստի մենք պետք է շատ զգույշ արտահայտվենք այդ տարածաշրջանի մասին, թույլ չտալու համար հայերի զանգվածային արտագաղթն այնտեղից»,-ասել է նա:

Իր հերթին, Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը նշել է, որ ներկայումս Լիբանանի հայ համայնքի վիճակը հարաբերականորեն կայուն է: «Ճիշտ է այլ երկրներ, մասնավորապես ԱՄՆ եւ Կանադա, մեկնելու ցանկություն կա, սակայն դա հիմնականում երիտասարդությունն է, որ հնարավորություն չունի կրթություն եւ աշխատանք ստանալ»,-ասել է Քանդահարյանը:

Լիբանանի հայ համայնքն այսօր կազմում է շուրջ 100 հազար մարդ: Բեյրութի քրիստոնեական շրջանում տեղի ունեցած վերջին պայթյունի արդյունքում, որի ժամանակ սպանվեց խորհրդարանի պատգամավոր Անտուան Գանեմը, մի քանի հայեր թեթեւ վնասվածքներ ստացան: