1 հոկտեմբերի 2007 - 16:49 AMT
Հայոց ցեղասպանություն. ԱՀՀ-ն վրդովված է «դիվանագետների չմտածված նամակով»
Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին Հայոց ցեղասպանությունը հաստատող 106-րդ բանաձեւի վերաբերյալ ԱՄՆ նախկին պետքարտուղարների ուղերձի կապակցությամբ

ԱՀՀ-ն իր անհամաձայնությունն է հայտնում «դիվանագետների չմտածված նամակին», անհետեւողական անվանելով այն ամերիկյան արժեքների տեսակետից: «Դեռեւս որքան արդարացում պետք է հորինել, ճշմարտությունը ճանաչելուց խուսափելու համար: Նախկին պետքարտուղարները չկարողացան հաղթահարել Թուրքիայի մերժումը ամերիկյան զորքերին դեպի Հյուսիսային Իրաք միջանցք չտրամադրելու հարցում, ինչը ամերիկացի զինվորների մահվան պատճառ դարձավ: Բավական է ստել, խաբել եւ մերժել: Խոչընդոտներ հարուցելով քվեարկության համար, դուք ոչ միայն խոչնդոտում եք ժողովրդավարական գործընթացին, այլ նաեւ վատ ծառայություն եք մատուցում այն 226 կոնգրեսականներին, որոնք սատարում են բանաձեւին, եւ այն միլիոնավոր ամերիկացիներին, որոնք հավանություն են տալիս այդ որոշմանը: Դուք ակամայից խրախուսում եք նաեւ մերժողականությունը եւ թույլ եք տալիս մտածել, որ ցեղասպանությունը կարելի է ժխտել»,-ասվում է ԱՀՀ-ի նամակում:

«ԱՀՀ-ն կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը հաստատող 106-րդ բանաձեւի վերաբերյալ քվերակությունը տեղի ունենա: Մենք չենք կարող թույլ տալ թուրքական մերժողական քաղաքականությանը հաջողության հասնել Հայոց ցեղասպանության հաստատումը կասեցնելու գործում, ում էլ ուղղված լինի իրենց սուտը հաստատելու կոչը»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ի պաշտոնաթող պետական քարտուղարներ` Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը, Ուորրեն Քրիսթոֆերը, Լորենս Իգլբերգերը, Ալեքսանդր Հեյգը, Հենրի Քիսսինջերը, Քոլին Փաուելը եւ Ջորջ Շուլցը դիմել են նամակով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որտեղ համոզում էին նրան չդնել քվեարկության Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Պետդեպարտամենտի նախկին ղեկավարները մտահոգություն են հայտնել այն մասին, որ «բանաձեւի ընդունումը կարող է վտանգի ենթարկել ԱՄՆ-ի ազգային շահերը տարածաշրջանում, ներառյալ Իրաքում եւ Աֆղանստանում տեղակայված զորքերը, եւ վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»: