Ստամբուլում վերսկսվել է Հրանտ Դինքի մարդասպանների դատավարությունը

PanARMENIAN.Net - Ստամբուլում վերսկսվել է «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպանների դատավարությունը: «Վկաների ցուցմունքները եւ տեղեկությունները թաքցվում են մեղադրողներից, մեծաթիվ վկայություններ կորցվել են եւ ոչնչացվել»,-հայտարարել է Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում:



Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ոստիկանությունը դեռեւս 2006 թվականին գիտեր, որ Հրանտ Դինքի դեմ մահափորձ է պատրաստվում Տրաբզոնում: Որպես ապացույց փաստաբանը բերել է երկու կասկածյալների հեռախոսազրույցը, որի ձայնագրությունն անհետացել է, ինչպես նաեւ այն տեսախցիկի ժապավենը, որը տեղադրված էր «Ակոս» թերթի խմբագրության առջեւ: «Ինչ-որ բան թաքցվում է` հնարավոր է, կան որոշակի հարաբերություններ կասկածյալների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների միջեւ: Մարդասպանն ու նրա շրջապատը բացահայտվել են, սակայն իրական հանցագործները չեն հայտնաբերվել: Կառավարությունն օպերատիվ գործեց սպանությունից անմիջապես հետո, սակայն նրա վճռականությունը թուլացավ, հենց որ քննությունն առաջ ընթացավ»,-ընդգծել է Չեթինը, հաղորդում է AFP-ն:



Անցյալ շաբաթ Սամսունում սկսվեց երկու ոստիկանների հանդեպ դատավարությունը, որոնք լուսանկարվել էին Օգյուն Սամաստի հետ թուրքական դրոշի ֆոնի վրա: Մեղադրանքը ներկայացվել է Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանների հայցի հիման վրա, որոնք համարում են, որ ոստիկանները հովանավորել են մարդասպանին: Վերջին նիստում, որը տեղի ունեցավ 2007 թ. հուլիսի 2-ին, 19-ը կասկածյալներից չորսը ազատ են արձակվել:



Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամաստի ձեռքով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---