Կառավարությունը փոքր ՀԷԿ-երի կառուցման նոր չափորոշիչներ կսահմանի

Կառավարությունը փոքր ՀԷԿ-երի կառուցման նոր չափորոշիչներ կսահմանի

PanARMENIAN.Net - Փոքր ՀԷԿ-երը զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի վրա, այնպես էլ՝ տնտեսական ու հասարակական երկարաժամկետ զարգացումների վրա: Այս մասին գործադրիրի մարտի 9-ի նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ոլորտի կարգավորման վերաբերյալ հանձնարականներ տալով:

Այս խնդիրները կարգավորելու համար Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել է երկամսյա ժամկետում սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ:

«Վերանայել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի համար 927N որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման սեզոնային առանձնահատկությունները», - ասել է վարչապետը, գրում է Aysor.am-ը:

Նա հանձնարարել է գործակցելով ՀՀ գյուղատնտեսության ու էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունների հետ՝ հստակեցնել գետերի ցանկը, որտեղ, բնապահպանական, գյուղատնտեսական ու այլ առանձնահատկություններերից ելնելով, արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը:

«Գործակցելով ՀՀ գիտությունների ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ու Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի և ստանդարտների ազգային ինստիտուտի հետ՝ մշակել ձկնուղիների մշակման և աստիճանների բարձրության նորմեր», - նշել է նա:

Վարչապետն ընդգծել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը՝ ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջերմային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում է գտնվում ևս 39 ՓՀԷԿ՝ նախագծային մոտ 74 մեգավատ գումարային հզորությամբ և 260 մլն.կվտ/ժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---