1 հոկտեմբերի 2007 - 18:41 AMT
Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց որոշում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց որոշում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ: Այն ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ում Հայաստանի նախկին նախաձեռնությունների շարունակությունն է եւ նպատակ ունի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՄԱԿ-ի հիմնական մարմնի շրջանակներում զարգացնելու վաղ կանխարգելման խնդիրների, դրանով զբաղվող մեխանիզմների միջեւ համագործակցության եւ գործունեության ներդաշնակեցման հարցերի համակարգը:

Հայաստանը առաջնորդվում է այն սկզբունքով, որ մարդու իրավունքների, ներառյալ նաեւ ազգային, ռասայական, կրոնական եւ էթնիկական խմբերի իրավունքների խախտման վաղ կանխարգելումը հանդիսանում է դրանց` մասսայական խախտումների վերածման եւ մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ ցեղասպանության վաղ կանխարգելման հիմնարար բաղադրիչներ: Այս բանաձեւը եւս մեկ քայլ է հանդիսանում մեկ կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հիմնական մարմնի, ներառյալ դրա շրջանակներում գործող տարբեր մեխանիզմները եւ ՄԱԿ Մարդու իրավուքների բարձրագույն հանձնակատարը, եւ մյուս կողմից ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի կողմից հիմնված Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականի միջեւ համակարգված եւ կանոնավոր փոխգործակցության համակարգի զարգացման ուղղությամբ:

Որոշումը համահեղինակել էին 62 պետություններ, ինչը նախաձեռնության քաղաքական պահանջարկի եւ լայն աջակցություն վայելելու եւս մեկ ապացույց է: Նույն օրը տարբեր տարածաշրջանները ներկայացնող չորս երկրների` Հայաստանի, Բելգիայի, Մեքսիկայի եւ Սենեգալի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի 6-րդ նստաշրջանը Ժնեւում ընդունեց բանաձեւ մարդու իրավունքերի խնդիրներով զբաղվող տարածաշրջանային կառույցների վերաբերյալ: Բանաձեւով նախատեսվում են գործնական քայլեր տարածաշրջանային կառույցների միջեւ համագործակցության հաստատման եւ փորձի փոխանակման ուղղությամբ: Ուշագրավ է, որ առաջին անգամ ՄԱԿ-ի հովանու ներքո հավաքվելու են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եվրոպական, ամերիկյան, աֆրիկյան եւ ասիական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչի կազմակերպմանը գործուն նպաստ է բերում նաեւ Հայաստանը, որպես Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ անդամ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: