Փարիզում քննարկվել է ՀՀ-ում Իրանի հետ սահմանին նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը

Փարիզում քննարկվել է ՀՀ-ում Իրանի հետ սահմանին նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը

PanARMENIAN.Net - Business France-ի օժանդակությամբ Փարիզում տեղի ունեցած մեկշաբաթյա ներդրումային համաժողովին ներդրումային նախագծեր են ներկայացրել նաև ֆրանսիացի գործարարները։ Համաժողովին քննարկվել է ՀՀ-ում Իրանի սահմանի մոտ նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը՝ մոր 115 միլիոն դոլար արժողությամբ։

Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Ֆրանսիայում անցկացված մեկշաբաթյա ներդրումային քարոզարշավից վերադարձել է համագործակցության նոր առաջարկներով։ Հանդիպումներ են կայացել նախապես թիրախավորված 23 ընկերության, սփյուռքի, մեր երկրում գործող ֆրանսիական կապիտալով ընկերությունների և մի քանի շրջանների ղեկավար անդամների հետ։

Ֆրանսիացի գործարարներին ներկայացվել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հնարավորությունը:

«Փարիզում, Մարսելում և Լիոնում գործարարների հետ մեր հանդիպումներն ու նախագծերի շուրջ ակտիվ քննարկումները վկայում են, որ Հայաստանը հետաքրքիր է ֆրանսիացի գործարարների համար։ Մասնավորապես, պոտենցիալ ներդրողները դիտարկում են դեպի ԵԱՏՄ և Իրանի խոշոր շուկաներ մուտքը Հայաստանի միջոցով»,-ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը:

Հանդիպումների ընթացքում պոտենցիալ գործընկերները առավել հետաքրքրվել են հայաստանյան ներդրումային հնարավորություններով ՏՏ, էներգետիկայի, հագուստի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև գաղափար առաջարկել թեյի, սննդի, խմիչքների և կոսմետիկայի արտադրության համար դեղաբույսերի օգտագործման վերաբերյալ։

«Ֆրանսիացի գործարարները Հայաստանում փնտրում են գործընկներներ, որոնք զբաղվում են դեղաբույսերի, բնական յուղերի, էքստրակտների, միրգ-բանջարեղենի խտանյութերի արտադրությամբ: Նման համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերություններին առաջարկում ենք կապ հաստատել ՀԶՀ նեդրումների գծով տնօրինության հետ։ Համագործակցությունը կնպաստի արտահանման աճին, ուստի Հիմնադրամը պատրաստ է ներդրողներին աջակցել գործընթացի բոլոր փուլերում»,- նշել է Մկրտչյանը:

Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունները ներկայացրել են իրենց խնդիրները և ընդլայնման ծրագրերը։

Օրգանական նյութերի արտադրությամբ զբաղվող «Բիոպոստ» ընկերությունը, որը նպատակ ունի ներդրում անել Հայաստանում, փնտրում է գործընկեր գյուղատնտեսության ոլորտում։ Արտադրանքի հումքի 95 տոկոսը լինելու է Հայաստանից։

Հայաստան վերադառնալուց հետո ՀԶՀ ներդրումների խթանման և աջակցման թիմն աշխատում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման, ընկերություններին անհրաժեշտ տեղեկատվական փաթեթների տրամադրման ուղղությամբ։ Կողմերը եկել են համաձայնության, որ Հիմնադրամի օժանդակությամբ կկայանա Ֆրանսիայի առաջատար տեքստիլագործ ընկերությունների այցը Հայաստան՝ այստեղ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար։ Սեպտեմբերին նախատեսվում է ֆրանսիական ՓՄՁ պատվիրակությունների այցը Հայաստան։ Մեկ այլ պայմանավորվածությամբ՝ այսուհետև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներն իրենց մեկամսյա պրատիկան նաև Business France-ում անցնելու հնարավորություն կունենան։

Փետրվարի 21-28-ը Փարիզում, Մարսելում և Լիոնում արտագնա քարոզարշավի իրականացումը ՀԶՀ 2017 թ. Ներդրումների գծով տնօրինության ծրագրերից մեկն էր, որը կայացավ Թվինինգ ծրագրի շրջանակում՝ Business France-ի հետ համագործակցությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---