Օհանյան. Չկրկնել Սահակաշվիլիի սխալը՝ չհակադրել երկրի զարգացումը ՌԴ դեմ քայլերին

Օհանյան. Չկրկնել Սահակաշվիլիի սխալը՝ չհակադրել երկրի զարգացումը ՌԴ դեմ քայլերին

PanARMENIAN.Net - ՕՐՕ դաշինքը («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք)կառավարման համակարգում արմատական բարեփոխումներ է իրականացնելու: Այդ մասին հայտարարել է Սեյրան Օհանյանը ընտրողների հետ հանդիպմանը:

ՕՐՕ դաշինքը մարտի 10-ին քարոզարշավ է իրականացրել Չարենցավանում և Հրազդանում:

«Լինելու է գաղափարական աշխատանք, որը մեր երկրում բացակայում է: Լինելու է հաշվետվողականություն ժողովրդի առջև: Մենք խոսք ենք տալիս՝ տալու ենք այդ հաշվետվությունը, եթե չլինի՝ պատրաստ ենք արժանանալու ժողովրդի ընդհանրական դատաստանին: Ես սա հենց այնպես չեմ ասում, սա իմ անկեղծ սրտից է բխում»,-ասել է Օհանյանը, գրում է «Առավոտը»:

«Մենք ասում ենք հերիք է ամենաթողությանը, հերիք է անարդարությանը: Եթե մենք արդարություն ամրապնդենք բոլոր ոլորտներում, գործը ինքնըստինքյան առաջ է գնալու: Ես երկար տարիներ ղեկավարել եմ ԼՂՀ ՊԲ-ն, այստեղ ՊՆ նախարար եմ եղել և տեսել եմ՝ եթե արդարության մթնոլորտ ես ձևավորում, մնացածն առաջ է շարժվում»,-հավելել է Օհանյանը:

Սեյրան Օհանյանը, և Հրազդանում, և Չարենցավանում համեմատություն անելով Վրաստանի հետ՝ ասել է, որ Սահակաշվիլին զարգացրեց Վրաստանը, բայց պետք է խուսափել այն սխալներից, որոնք Սահակաշվիլին է թույլ տվել:

«Սահակաշվիլիի սխալները կայանում են նրանում, որ երկրի տնտեսական զարգացումը նա հակադրեց հակառուսական քաղաքականությանը: ՀՀ-ին նույնպես կտրուկ և կոշտ բարեփոխումներ են անհրաժեշտ, բայց միացնելով մեր տնտեսության զարգացումը, բարեփոխումները մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ՝ նոր որակի տնտեսական համագործակցությամբ: Արևմուտքի հետ մեր հարաբերությունները պետք է բարձրացնենք նոր որակի՝ ոչ թե փաստաթղթի վրա գրված»,-ասել է Օհանյանը:

ԱԺ ընտրություններին ժողովուրդն իրական այլընտրանք ունի: Այդ մասին հայտարարել է Վարդան Օսկանյանը՝ դիմելով չարենցավանցիներին: «Եթե մեզ հետաքրքրեր պաշտոնը, ինքնահարստացումը, մենք այդ առիթն ունեցել ենք, կանեինք, այլ տեղում կլինեինք: Մեզ այդ հնարավորությունը տրվել է, բայց մենք մեր ընտրությունն արել ենք, մեր ընտրությունն է Հայաստանը: Մեր նպատակը ազնիվ է, հավատում ենք, որ կարող ենք իրավիճակ փոխել»,-ասել է նա,

Վարդան Օսկանյանը վստահեցրել է, որ երկիրը շատ արագ կարող են ոտքի կանգնեցնել, բանակում փոփոխություն անել, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը հասցնել մինչև 240 հազար դրամի:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---