13 մարտի 2017 - 10:26 AMT
ՀՀ ազատ ոճայինները 2 մեդալ են նվաճել Ստամբուլի ըմբշամարտի մրցաշարում

Ստամբուլում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի 45-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել են տարբեր երկրների մի շարք ուժեղագույն մարզիկներ:

Եզրափակիչ օրը մրցագորգ մտած Հայաստանի չորս ըմբիշից հաջող է հանդես եկել 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը: Նա հաղթանակներ է տարել և զիջել միայն եզրափակիչ գոտեմարտում՝ արժանանալով արծաթե պարգևի, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

ՀՀ մյուս ըմբիշները՝ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը և 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոևն ու Շամիր Աթյանը, դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ստամբուլում նվաճել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:

Թուրքիա էին մեկնել. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան և Վարուժան Կոջոյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոև և Շամիր Աթյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան: