«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանն ընդամենը 6 սերիա կունենա

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանն ընդամենը 6 սերիա կունենա

PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: Այդ մասին սերիալի հեղինակներ Դևիդ Բենիոֆն ու Դեն Ուայսը պատմել են SXSW երաժշտության, կինոյի և ինտերակտիվ տեխնոլոգիաների ամենամյա Օստինի փառատոնում:

Բենիոֆն ու Ուայսը հայտնել են, որ այժմ աշխատում են սերիալի եզրափակիչ սերիայի վրա՝ 140 էջ, որոնք կորոշեն 7 թագավորությունների մասին հեռուստատեսային սագայի վերջաբանը: Նրանք պատմել են նաև մանրմասներ սերիալի ավարտական մասի մասին: Ասել են, որ աշխատանքի մի մասը երկու այլ սցենարիստ կկատարի, գրում է Itc.ua-ն The Verge-ի վրա հղումով:

«Դեյվ Հիլը սցենար կգրի առաջին էպիզոդի համար: Բրայան Քոգմանը՝ երկրորդ, իսկ մենք՝մնացած 4-ի համար: Սովորաբար բաշխումը մոտ 2 րոպե է տևում, սակայն այս անգամ դա 18 երկար նամակի միջոցով արվեց: «Եթե վերցնում ես այդ դրվագը, ուրեմն ես սա կվերցնեմ; Ուղղակի, մենք գիտակցեցինք, որ վերջին անգամ ենք աշխատում այս նախագծի վրա», –ասել է Բենիոֆը:

Մամուլի ասուլիսին մասնակցել են դերասաններ Մեյսի Ուիլյամսն ու Սոֆի Թերները, որոնք սերիալում կատարում են Արյա և Սանսա Ստարկ քույրերի դերը համապատասխանաբար: Բենիոֆը օգտվել է նրանց ներկայությունից մի քանի կատակ անելու համար:

«Մենք երկար վիճեցինք, թե ով կգրի այն մասը, որտեղ սպանում են Սանսային», –ասել է Բենիոֆը: Ուեյսը շարունակել է. «Մենք ուզում էինք Սանսային սպանել ամենազարհուրելի ձևով»:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---