13 մարտի 2017 - 15:47 AMT
Սարգսյանն ու Պուտինը Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: