4 հոկտեմբերի 2007 - 13:22 AMT
Հայաստանի ԱԳ նախարար. ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներառված է գլխավոր ասամբլեայի օրակարգում ձգձգված հակամարտությունների թեմայի ներքո: Բայց որեւէ բանաձեւ, որ մի զամբյուղի մեջ է դնում բոլոր հակամարտություններն, արդեն իսկ ի սկզբանե թերի է: Այդ մասին ՄԱԿ-ի ԳՎ 62-րդ նստաշրջանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այս հակամարտություններից յուրաքանչյուրը տարբեր է: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղը չէ սա: Սա չպետք է քննարկվի ՄԱԿ-ում, քանի որ բանակցվում է ԵԱՀԿ-ում: Նախ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ: Մենք շարունակում ենք բանակցել եւ սանտիմետր-առ-սանտիմետր մոտենում ենք լուծմանը: Երկրորդը, բավականին մշակված փաստաթուղթ ունենք սեղանին, որը ոչ թե երազային մտածողության վրա է հիմնված, այլ հիմնարար խնդիրների եւ նրանց հետեւանքների վրա: Միասին նրանք հավասարակշռված լուծման կհանգեցնեն: Երրորդը, գործընթացի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` որոշելու իրենց ապագան: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ուզում ոչինչ, որն իրեն չի պատկանում. նրանք ուզում են խաղաղ, ապահով ապրելու եւ սեփական ապագան որոշելու իրավունք, նրանք ուզում են օգտագործել այն իրավունքը, որ այստեղ ներկայացված յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության այս կամ այն հանգրվանում օգտագործել է:

Մենք ուշի-ուշով հետեւում ենք Կոսովոյի շուրջ զարգացումներին: Մենք շատ պարզորոշ լսում ենք միջազգային հանրության բարձրաձայնումը, թե Կոսովոն չի կարող նախադեպ լինել այլ հակամարտությունների համար: Թեեւ մենք մտադրություն չունենք Կոսովոն որպես նախադեպ օգտագործելու, որովհետեւ այն կհակասի մեր դիրքորոշմանն առ այն, որ բոլոր հակամարտությունները տարբեր են: Միեւնույն ժամանակ մենք չենք հասկանում եւ չենք կարող ընդունել հակառակ տրամաբանությունը. այն է` Կոսովոյին անկախություն է շնորհվել, որեւէ այլ ժողովուրդ չի կարող ինքնորոշման հասնել: Որեւէ մեկը չպետք է ասի մեզ, թե չափաբաժիններ կան ազատության ու անվտանգության համար»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: