ԱԳՆ. ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը շուտով կմեկնարկի

ԱԳՆ. ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը շուտով կմեկնարկի

PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում: Independent Balkan News Agency լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ հույս հայտնելով, որ ակնկալում են բարեկամ Հունաստանի և եվրոպական մյուս գործընկերների աջակցությունն այդ հարցում:

«ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մասին նշված է 2015թ. Արևելյան Գործընկերության շրջանակներում Ռիգայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրում, և այն հանդիսանում է Հայաստանի և Եվրամիության կողմից կարևոր երկկողմ հանձնառություն՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Հայաստանը բարեխղճորեն իրականացնում է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը»,-ասել է փոխնախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեցած խնդիրների վերաբերյալ հարցին, Կարեն Նազարյանը նշել է. «Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար»:

Փոխնախարարի խոսքով, որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս նպաստավոր քաղաքական և տնտեսական միջավայրի պահպանմանը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն զարգացնել մեր հարաբերությունները հարևանների, ինչպես նաև ԵՄ-ի, Ռուսաստանի և մյուսների հետ, գրում է Panorama.am-ը:

«Այսպիսով, մենք չափազանց հետաքրքրված ենք Հունաստանի հետ երկխոսության շարունակության հարցում, ինչպես այս, այնպես էլ մյուս թեմաներով և ես ուրախ եմ, որ շատ տեսանկյուններից, ներառյալ փակ սահմանների հարցում, մենք կիսում ենք նույն տեսակետները և դիրքորոշումները»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի մասով կողմերը ավարտել են բանակցությունները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---