4 հոկտեմբերի 2007 - 16:14 AMT
Վարդան Օսկանյան. Ցեղասպանությունը պետք է կանխել, այլ ոչ թե վերածել հիշատակման միջոցառումների
«Երբ Դարֆուրը դառնում է անօգնականության խորհրդանիշ, մենք` աշխարհի փոքր անկյուններում, գիտակցում ենք, որ ուժը փոխարինել է պատասխանատվությանը»,-ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, մարդու իրավունքների ամենագո լեզուն չի կարող փոխարինել քաղաքական կամքին: «Ցեղասպանությունը պետք է կանխարգելվի, այլ ոչ թե` հիշատակման արարողությունների վերածվի: Սերնդեսերունդ մենք նոր անուններ ենք տալիս իբրեւ թե անմարդկային մեքենայությունների հանդեպ մարդու վրդովեցուցիչ հանդուրժողականությանը, նոր անուններ` սարսափին, եղեռնագործությանը, ջարդերի վայրերին, համատարած սպանություններին նրանց, ովքեր պատկանում են հասարակության մի հատվածի, դասակարգի, էթնիկ խմբի, ռասայի կամ կրոնի: Մոտ հարյուր տարի առաջ հայերի համար դա Դեր Զորի անապատն էր, հաջորդ սերնդի համար դա Օսվենցիմն էր, հետո սպանությունները Կամբոջիայում: Իսկ վերջերս` Ռուանդան: Եթե այս դեպքերից յուրաքանչյուրում` ցեղասպանության հետ մեկտեղ այդ անունները հիշեցնում են անտարբերության, անօգնականության, պատերազմի քողի ներքո կոծկելու մասին, այսօր Դարֆուրը քաղաքական նպատակահարմարության, խուսափողականության եւ պարզ անհարմարության հոմանիշն է դարձել: Դարֆուրը ամոթի հոմանիշն է:

Իմ կոչը, փոքր երկրների անունից, այն է, որ միջազգային հանրությունը այս խնդիրներից յուրաքանչյուրը լուծի հենց նրանց տեսանկյունից, հանուն նրանց իսկ հաղթահարման, այլ ոչ թե որպես համաշխարհային ուժային գլուխկոտրուկի մի մաս: Երբ աշխարհի տերությունների միջեւ լարվածությունը մեծանում է, բեւեռացումն է ուժեղանում եւ նվազում է փոքր պետությունների քրտնաջան աշխատանքի եւ շատ ջանքեր պահանջող փոխլրացման ու հավասարակշռման քաղաքականությունների արդյունավետությունը: Մեր սեփական` խուսանավելու եւ համաշխարհային խնդիրների լուծմանը մասնակցելու շրջանը նեղանում է,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: