Իրաքի հյուսիսում նախատեսվում է ստեղծել եզդիների ինքնավարություն ԱՄՆ-ի հովանավորությամբ

PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսում նախատեսվում է ստեղծել եզդիների ինքնավարություն ԱՄՆ-ի հովանավորությամբ, հինգշաբթի օրը Երեւանում լրագրողներին է հայտարարել Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Իրաքում եզդիների ինքնավարության ստեղծման հարցը եզդիների ներկայացուցիչն արծարծել է Իրաքի խորհրդարանում, եւ նրան հաջողվել է համաձայնության հասնել այդ հարցի շուրջ երկրի կառավարության հետ»,-ասել է նա: Ըստ Թամոյանի, Իրաքում ինքնավարության ստեղծումն անհրաժեշտություն է, քանի որ Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիներին ոչնչացման վտանգ է սպառնում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Ավելի վաղ Աշխարհի եզդիների ազգային միությունը բազմիցս կոչ է արել միջազգային կառույցներին եւ ողջ առաջադեմ մարդկությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ անգործության դեպքում եզդիների հանդեպ կատարվող հանցագործությունները կշարունակվեն: Միության ղեկավարությունը դիմել է բաց նամակով ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հայաստանի նախագահներին, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետին կոչ անելով պաշտպանել եզդի ժողովրդին Իրաքում:



Եզդիներ են կոչում քրդերի այն մասին, որոնք առանձնահատուկ կրոն են դավանում: Բնակության հիմնական վայրն Իրաքն է: Եզդիների կրոնը պարունակում է հեթանոսության, հին հնդեվրոպական դավանանքների, հուդայիզմի, քրիստոնեության եւ իսլամի տարրեր: Հայաստանում բնակվում են շուրջ 60 հազար եզդիներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---