Պուտին. Համոզված եմ, որ ՀՀ-ն հաջողությամբ կանցկացնի ԱԺ ընտրությունները

Պուտին. Համոզված եմ, որ ՀՀ-ն հաջողությամբ կանցկացնի ԱԺ ընտրությունները

PanARMENIAN.Net - ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպումն անցկացվում է Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ողջունելով պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանին:

«Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»,-նշել է նախագահ Պուտինը:

ՌԴ նախագահն նշել է, որ ապրիլի 3-ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ:

«Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում»,-ասել է նա:

Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Նշվել է, որ այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՌԴ պաշտոնական այցի հրավերի համար և նշել, որ երկու երկրների փոխգործակցությունն անընդհատ համալրվում է՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, և բարձրագույն մակարդակով մշտական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով կատարված աշխատանքը, և բնականաբար, նախանշել մեր համագործակցության գլխավոր ուղղությունները մոտ ապագայի և հեռանկարի համար:

«Իսկապես, այս տարին հոբելյանական է՝ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, և մեզ հաջողվել է ձևավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ:Նման բնույթը հարաբերությունները միշտ թելադրում են մեր օրակարգը: Վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը ևս, կլինի բովանդակալից, և կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում»,-ասել է նախագահ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Ի պատիվ պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---