Վարչապետ. Ջրառատում օրենք խախտողները ենթակա են պատասխանատվության

Վարչապետ. Ջրառատում օրենք խախտողները ենթակա են պատասխանատվության

PanARMENIAN.Net - Ընտրությունները ենթադրում են մրցակցություն, սակայն մրցակցության վերածումը բռնության որևէ կերպ ընդունելի չի կարող լինել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում ցանկացած անձի կողմից: Անկախ քաղաքական պատկանելությունից, զբաղեցրած պաշտոնից կամ ճանաչելիությունից՝ բոլոր նրանք, ովքեր Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության:

Ես տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողությունները՝ նշված դեպքին օբյեկտիվ և բազմակողմանի իրավական գնահատական տալու համար: Վստահ եմ, որ հետագա զարգացումների մասին օրենքով թույլատրելի շրջանակներում իրավապահ մարմինները դեռ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ կտրամադրեն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:

Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների և նույն գյուղի գյուղապետի միջև բախում է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով միջադեպը: Նա նշել է, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ: Գործին կտրվի համապատասխան ընթացք:

ՕՐՕ նախընտրական շտաբի տեղեկություններով մարտի 14-ին Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները «զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա»:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---