5 հոկտեմբերի 2007 - 19:14 AMT
Դինքի սպանության մեջ մեղադվողներից մեկին վերաբերող փաստաթղթերը ոչնչացվել են ոստիկանության կողմից
Ստամբուլի հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկի` Էրհան Թունջելի վերաբերյալ ոստիկանության փաստաթղթերը վերացվել են` «պետական գաղտնիք» պարունակելու պատրվակով: Փաստաթղթերը դատարանում ուսումնասիրելու միջնորդությամբ դիմել էր Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Էրդալ Դողանը, սակայն ոստիկանության հետախուզական վարչությունը, որտեղ դրանք պահվում էին, մերժել է այդ պահանջը` հայտարարելով, թե փաստաթղթերը վերացված են, քանի որ «պետական գաղտնիք» էին պարունակում: Ընդ որում, քննիչները այդ փաստաթղթերին ծանոթացել էին, իսկ դատարանին այդ հնարավորությունը չի ընձեռվել: «Այդ գաղտնիքը չի կարող պահվել դատարանից, եթե նույնիսկ այն պետական գաղտնիք է: Դա օրենսդրության խախտում է»,- հայտարարել է Դողան, կատարվածը անվանելով «իրավական սկանդալ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թունջելը, ով մեղադրվում է հայազգի լրագրողի սպանությունը հրահրելու համար, նախկինում եղել է Տրապիզոնի ոստիկանության գործակալ: