16 մարտի 2017 - 13:24 AMT
Լավրով. ՌԴ և Թուրքիայի մերձեցումը չի կարող վնասել Հայաստանին

Ռուսաստանը կարող է միայն ողջունել հայ-թուրքական սահմանի բացումը, եթե դա տեղի ունենա, դա օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Regional Post – Caucasus-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Անշուշտ, Ռուսաստանը կողջուներ ԵՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածի բացումը մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար: Անկակասծ դա օգտակար կլիներ ամբողջ տարածաշրջանի համար»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ ՌԴ-ն կարևոր դերակատարություն է ունեցել ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների ապասառեցման շրջանի ակտիվ փուլում՝ 2007-2009թթ.:

«Ընդհանուր ջանքերորվ, առաջին հերթին Երևանի և Անկարայի, 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Սլովենիայի ԱԳ նախարարների և ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն ներկայացուցչի ներկայությամբ:

Ցավոք, հետագայում կարգավորման գործընթացն արգելակվեց և այժմ կասեցված է: Սակայն սկզբունքորեն կարևոր է, որ կողմերը ցուցադրեցին պայմանավորվելու և լուրջ ու պատասխանատու որոշումներ կայացնելու կարողություն», -ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ ՀՀ-ն և Թուրքիան կարող են կարգավորել առկա խնդիրները:

«Շատ բան կախված է հենց այդ երկրներից: Չէ որ քաղաքական գործիչների մակարդակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլ նաև լավատես լինելու ունակությամբ՝ իրականացնելու համար սեփական քաղաքացիների հույսերն ու իղձերը: Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի մոտ, Ռուսաստանը պատրաստ կլինի ակտիվորեն աջակցել նրանց»,-ասել է Լավրովը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանում մտավախությամբ չեն ընկալի ՌԴ և Թուրքիայի մերձեցումը՝ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը գաղտնի օրակարգ չունի:

«Մենք երրորդ երկրների դեմ ուղղված կամ որևէ մեկի շահերը ոտնահարող քաղաքական կամ տնտեսական միություններ չենք կառուցում: Ընդհանուր առմամբ, մենք բաց ենք կառուցողական փոխադարձաբար հարգալից գործակցության համար բոլոր նրանց հետ, ով նմանատիպ պատրաստակամություն է դրսևորում»,-ասել է նա:

«Վստահ ենք, որ ռուս-թուրքական կապերի ձերբազատումը բազմամսյա ճգնաժամից կնպաստի վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը տարածաշրջանում», -ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը միշտ բաց է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար:

2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: