«Գահերի խաղի» հեղինակները՝ ամենաանհաջող դրվագի և մահվան ամենաթանկարժեք տեսարանի մասին (վիդեո)

«Գահերի խաղի» հեղինակները՝ ամենաանհաջող դրվագի և մահվան ամենաթանկարժեք տեսարանի մասին

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սիրված սերիալի հեղինակներ Դևիդ Բենիոֆն ու Դեն Ուայսը Տեխասում ամեն տարի անցկացվող South by Southwest (SXSW) ամենամյա փառատոնի շրջանակում խոստովանել են, թե սերիալի որ դրվագն են ամենաանհաջողը համարում:

Ըստ Բենիոֆի և Ուայսի, սերիալն ավելի լավը կլիներ առանց առաջին եթերաշրջանի առաջին սերիայի՝ Winter Is Coming-ի տեսարաններից մեկի, գրում է RG-ն:

«Պիլոտային էպիզոդում կա մի դրվագ, որից մենք մինչ օրս ամաչում ենք: Դա այն տեսարանն է, երբ Ռոբ Սթարքին, Ջոն Սնոուին և Տեոնին սափրում են և նրանք բոլորն առանց վերնաշապիկների են: Նայում ես ու մտածում՝ իսկ սա ինչ գործ ունի այստեղ: ...Միակ պատճառը, որ այդ տեսարանը հայտնվել է այնտեղ, այն է, որ այն կրկին նկարահանվել է հիմնական նկարահանումներից մեկ տարի անց, երբ դերասանների մորուքներն արդեն միանգամայն այլ էին: Ահա և ստիպված եղանք «ավելացնել» այդ տեսարանը», -ասել է Բենիոֆը:

Սերիալի հեղինակները նաև նշել են մահվան տեսարանը, որի համար HBO-ն մեծ գումար է ծախսել: Պարզվել է, որ առաջին տեղում Մերին Թրանթի սպանությունն է Արյա Սթարքի կողմից, գրում է Korrespondent.net-ը The Telegraph-ի վրա հղումով:

Այդ տեսարանում Արյան հանում է նրա աչքերն ու կտրում է կոկորդը:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---