Փայլան և Դողան. Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին միջամտելն անընդունելի է

Փայլան և  Դողան. Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին միջամտելն անընդունելի է

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանը և Սելինա Դողանն անդրադարձել են Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված գրությանը, որով պետությունը միջամտում է պատրիարքի ընտրության գործընթացին:

Մարտի 15-ին Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովը Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին տեղապահ էր ընտրել: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լրատամիջոցներին էր ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Փայլանը կատարվածը բնորոշել է «հեղաշրջում» բառով: Նշել է, որ Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն պատրիարքարանը ղեկավարել է որպես հոգաբարձու (պետության կողմից նշանակված անձ): Այժմ իր պաշտոնը շարունակելու համար իշխանության այն հատվածի, ում հետ կապի մեջ է եղել, հեղաշրջում են արել:

«Մենք դա չենք ընդունում, չպետք է ընդունենք: Տեղապահի ընտրություն է կայացել, երկու թեկանածույից մեկը հաղթել է: Բոլորս պետք է հաղթողին շնորհավորենք և արագացնենք պատրիարքի ընտրության աշխատանքները», - ասել է Փալյանը, «Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Սելինա Դողանն անընդունելի է համարում նահանգապետարանի միջամտությունը: Ըստ Դողանի՝ միջամտությունը որևէ իրավական հիմք չունի:

Դողանը նշել է, որ եթե նահանգապետարանը մտահոգվում է հայ համայնքի համար, ապա պետք է ականջալուր լինի համայնքին և չմիջամտի գործընթացին: Այդ միջամտությամբ, ըստ պատգամավորի, գործընթացն ավելի բարդացավ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---