Դեպքը ցավալի է, շահարկումը՝ անընդունելի. Պաշտոնյաները «Հաց բերողի» մահվան մասին

Դեպքը ցավալի է, շահարկումը՝ անընդունելի. Պաշտոնյաները «Հաց բերողի» մահվան մասին

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին կուսակցության Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո անդրադարձել է «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվանը:

«Մեր ցավակցությունն եմ հայտնում, բոլորիս անունից: Ցանկացած հայ մարդու կորուստ ցավալի է մեզ համար», - հայտարարել է Շարմազանովը՝ հավելելով, որ անընդունելի է նախընտրական փուլում Սարգսյանի մահվան փաստը շահարկելը:

«Կան մարդիկ, որ անկեղծորեն են ցավում: Բայց չեմ կարող չասել, սա վերաբերում է նրանց, ովքեր փորձում են այս դժբախտությունը վերածել նախընտրական կրքերի, կամ դիվիդենտներ շահելու: Սա անթույլատրելի է: Սա ողբերգություն է, և սրա վրա փորձել դիվիդենտներ շահել, ես ճիշտ չեմ համարում», - ասել է Էդուարդ Շարմազանովը՝ խոստանալով, որ մեղավորները կպատժվեն, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մարտի 16-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մահացել է Արմենիա բժշկական կենտրոնում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ևս հայտարարել է, որ «շատ մեծ ցավ է ապրում» տեղի ունեցածի կապակցությամբ:

Սարգսյանի մահվանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի մահվան մասին, որին մեր ժողովուրդը կնքել էր Հաց բերող անունուվ: Սարգսյանին` հասարակության կողմից տրված Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում: Արթուրը հասցրեց յուրօրինակ խորհրդանիշ դառնալ` բարության ու մարդասիրության: Ցավակցում եմ Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին: Աստված հոգին լուսավորի»:

«Ակնհայտ է, որ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահը վրա է հասել երկարատև անմարդկային վերաբերմունքի հետևանքով: Անազատության մեջ նրան հետևողականորեն պահելը հավասարազոր էր նպատակային խոշտանգումների»,- մարտի 17-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանն ասել է «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի ամբողջական պատասխանատուն իշխանություններն էին, առավել կոնկրետ՝ գլխավոր դատախազը:

«Քանի որ Արթուր Սարգսյանի վիճակն օրհասական էր, որևէ մեկը չէր կարող ասել, որ նա չէր մահանա: Բժիշկները ևս փաստում էին, որ նա հիվանդությունների փունջ ունի, իսկ հացադուլը նրա դիմադրողականությունը միայն ավելի է թուլացնում: Բեխտերևի հիվանդությունն այն հիվանդությունն է, որն անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում է: Արթուր Սարգսյանը քաղաքական համակարգի զոհն է, զոհն է այն բանի, որ Հայաստանում մարդը և նրա իրավունքներն արժեք չեն ներկայացնում»,-հավելել է նա, գրում է Panorama.am-ը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե ցավում է, որ նման վշտի դեպքում լինում են մանր քաղաքական շահարկումներ, ըստ նրա, պետք է ձեռնպահ մնալ այդ շահարկումներից:

Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ իրավապահները զբաղվում են այդ գործով, կլինի քննություն և պատկան մարմինները կանեն հայտարարություն. «Եթե եղել են թերություններ, ապա մեղավորներն անպայման կպատժվեն: Ինձ թվում է, որ պետք չէ իրենց անձնական խնդիրները լուծելու համար վիշտն ավելի բորբոքել»:

Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Մարտի 6-ին նա ազատ էր արձակվել. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ ընդունվել էր 27 պատգամավորի կողմից երաշխավորությունը և Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---