Հովհաննես Թումանյանի թանգարանում «Տոլստոյը կյանքում» ցուցահանդես կբացվի

Հովհաննես Թումանյանի թանգարանում «Տոլստոյը կյանքում» ցուցահանդես կբացվի

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում կբացվի «Տոլստոյը կյանքում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 25-ը:

Այս ցուցահանդեսը պատմում է Լև Տոլստոյի կյանքի կարևոր իրադարձությունների, զբաղմունքների, ընտանիքի և շրջապատի ամենատարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերությունների և շփումների մասին, որոնք դարձել են գրողի ստեղծագործական մտքի շարժառիթը:

Բազմամյա աշխատանքի ընթացքում Տոլստոյն ամենուրեք նյութ էր հավաքում իր երկերի կերտման համար: Այդպես, գրողի կովկասյան տպավորություններն իրենց գեղարվեստական մարմնավորումը գտան «Կազակները» և «Հաջի Մուրադ» պատմվածքներում: Տոլստոյի կյանքի և ստեղծագործության ժամանակաշրջանի մասին պահպանվել են բազմաթիվ լուսանկարներ, որտեղ գրողը պատկերված է ստեղծագործական տարբեր փուլերում՝ սկսած գործունեության սկզբնական շրջանից մինչև կյանքի վերջին տարին:

Ցուցահանդեսի այցելուները կծանոթանան Տոլստոյ սպայի, «Մանկություն» ինքնակենսագրական պատմվածքի երիտասարդ հեղինակի, «Պատերազմ և Խաղաղություն» վեպի ստեղծման տարիներին երջանիկ ընտանիքը գլխավորող Տոլստոյի և իմաստուն ծերունու հետ, ով կոչ էր անում մարդկությանը ոչ թե մարմինը բուժել, այլ հոգին:

Լև Նիկոլաևիչ Տոլստոյը ծնվել է 1828-ին Յասնայա Պոլյանայում, ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկն է, 1854-1855-ի Սևաստոպոլի պաշտպանության մասնակից։

Առավել հայտնի են Տոլստոյի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Հարություն» վեպերը, «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն» ինքնակենսագրական եռագրությունը, «Կազակներ», «Իվան Իլյիչի մահը», «Կրեյցերյան սոնատ», «Հաջի Մուրադ» վիպակները, «Սևաստոպոլյան պատմություններ» ակնարկների շարքը, «Կենդանի դիակ» և «Խավարի իշխանություն» դրամաները, «Խոստովանություն» և «Ո՞րն է իմ հավատը» ինքնակենսագրական կրոնափիլիսոփայական ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---