«Հաց բերողի» աջակիցները պահանջում են հուղարկավորել նրան Եռաբլուրում

«Հաց բերողի»  աջակիցները պահանջում են հուղարկավորել նրան Եռաբլուրում

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին մահացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հարգանքի տուրք մատուցելու համար հարյուրավոր մարդիկ մարտի 17-ին հավաքվեցին Ազատության հրապարակում ու երթ արեցին մայրաքաղաքի փողոցներով:

«Արթուր Սարգսյանի գործը յուրաքանչյուրիս է վերաբերվում: Պետք չէ մտածել, որ նա միայնակ է, նա մեզ մեջ է: ՊՊԾ գնդի գրավման օրը նա իր վրա վերցրեց ողջ ծանրությունը ու մահացավ իսկական հերոսի պես: Մենք քայլ առ քայլ կյանքի ենք կոչելու իր ծրագրերը»,- ասել է իր ելույթում ակցիայի կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը: PAN-ի հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ «Հաց բերողը» բազմաթիվ ծրագրեր ուներ ու մահվան օրը պատրաստվում էր գալ Ազատության հրապարակում հանրահավաքի:

Հավաքվածները 3 պահանջ ներկայացրեցին. հուղարկավորել Արթուր Սարգսյանին Եռաբլուրում, պատժել նրա մահվան մեջ մեղավորներին և Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Երթին ներկա դերասան Հրանտ Թոխատյանը PAN-ի հետ զրույցում նշեց, որ Սարգսյանի մահը բացատրության ենթակա չէ: «Նա ընդամենը հաց էր բերել, իսկ հացը Հայաստանում սրբություն է: Շատ ափսոս, որ մարդիկ միայն այսօր արթնացան ու այստեղ եկան: Եթե նրանք միանային, երբ երեխաները ցրտին այստեղ էին գիշերում, Արթուրը մեզ հետ կլիներ»,- նշեց Թոխատյանը:

Ցուցարարները նշեցին, որ հավաքվելու են ամեն օր, մինչև պահանջները չբավարարվեն: Այնուհետև երթով անցան մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Մարտի 16-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մահացել է Արմենիա բժշկական կենտրոնում: Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Մարտի 6-ին նա ազատ էր արձակվել. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ ընդունվել էր 27 պատգամավորի կողմից երաշխավորությունը և Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---