9 հոկտեմբերի 2007 - 17:23 AMT
Բաքվի հաղորդագրությունները հայկական կողմից զինադադարի խախտման մասին, ինչպես միշտ, չեն համապատասխանում իրականությանը
ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները չեն խախտում զինադադարի ռեժիմը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներն, ինչպես միշտ, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում: «Հակառակը, ադրբեջանական կողմը բավականին հաճախ է դրդում մեզ պատասխան կրակի եւ համարժեք պատասխան է ստանում»,-հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Նշենք, որ ԱՊԱ-ի տվյալներով, սեպտեմբերին Հայաստանի Զինված ուժերը զինադադարի ռեժիմը խախտել են 76 անգամ, որի արդյունքում զոհվել է հինգ ադրբեջանցի զինծառայող, մեկը վիրավորվել է: Հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ հայերի կողմից զինադադարի խախտման փաստերի քանակը հունվար-սեպտեմբեր ամիսներին հասնում է 332-ի: