Բելառուս բլոգեր. Լապշինին արտահանձնելով՝ Մինսկն արտոնություններ էր ակնկալում Բաքվից, բայց սխալվեց

Բելառուս բլոգեր. Լապշինին արտահանձնելով՝ Մինսկն արտոնություններ էր ակնկալում Բաքվից, բայց սխալվեց

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետխորհրդային երկրներում մի քաղաքականություն է վարում, երբ իր համար կարևոր են Բաքվի հետ հարաբերությունները նավթի ու գազի շուրջ, իսկ խոսքի ազատությունը ոչ մի արժեք չունի: Այդ մասին մարտի 20-ին հայտարարել է ռուսաստանցի բլոգեր Անտոն Նոսիկը, որն Արցախում ընթացող բլոգերների միջազգային համաժողովի մասնակիցներից է:

Համաժողովը բողոքի ակցիա է Մինսկում Բաքվի հարցումով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության դեմ:

Նոսիկը հավելել է, որ պատրաստ չէ հաշվի առնել այդ շահերը:

«Ադրբեջանը չպետք է նեղանա իմ գրառումներից: Ես ոչ միայն նրանց իշխանության մասին եմ գրում: Կան ռեժիմներ, որոնք ընդունում են քննադատությունը, կան այնպիսիք, որ ցանկանում են, որ միայն իրենց կարծիքը տարածվի: Եթե նրանք ուզում են վախեցնել, ապա ես չեմ ուզում վախենալ», -ասել է Նոսիկը, հայտնում է Aysor.am-ը:

Նա հայտարարել է, որ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը միջազգային իրավունքի խախտում է:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Իր հերթին Բելառուսից ժամանած բլոգեր Ալեքսանդր Գոյշիկը հայտարարել է, թե Լապշինի գործում բոլոր կողմերն են պարտություն կրել: Ըստ նրա, արտահանձնելով Լապշինին, Մինսկը արտոնություններ էր ակնկալում Բաքվից, բայց սխալվեց: «Ինքս ճանապարհորդ եմ և գիտեմ, թե որքան վատ է մանրադրամ դառնալը նման քաղաքական խաղում: Ցավոք, այդ խաղը շատ վատ է անդրադարձել Բելառուսի միջազգային իմիջի վրա: Ամեն ինչ անիմաստ է, ոչ մի նավթ մենք չստացանք, իսկ բոլոր կողմերը պարտվեցին: Բելառուսները դեմ էին իշխանությունների այդ որոշմանը»,-ասել է նա՝ շեշտելով, որ սա իր 3-րդ այցն է Ստեփանակերտ:

«Առաջին անգամ ես այստեղ եղել եմ 10 տարի առաջ, երկրորդ անգամ՝ 2016-ին, հոդված եմ գրել ռազմական գործողությունների ժամանակ: Իսկ երբ համաժողովին մասնակցելու հրավեր ստացա, հաճույքով ընդունեցի և եկա: Կարող եմ ասել, որ այսքան լարված քաղաքական և ռազմական իրավիճակում գտնվելով, երկիրը զարգանում է»,-ասել է նա:

Արցախում բլոգերների միջազգային համաժողով է ընթանում, որին մասնակցում են արտերկրից ժամանած մի շարք հայտնի բլոգերներ: Մասնակիցների թվում են Անտոն Նոսիկն ու Անտոն Մերկուրովը ՌԴ-ից, Ալեքսանդր Ալիմովը Լատվիայից, Տարիկ Հաֆեդն Ալժիրից, Ռոմեն Միելրակը Ֆրանսիայից, Գիլադ Հափերնը Իսրայելից, Ալեքսանդր Հոյշիկը Բելառուսից, Իրինա Կովալչուկն Ուկրաինայից, Լուչանո Տիրիննազին Իտալիայից, Պետրուշկա Շուստովան Չեխիայից: Այդ մասին հայտնել է հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մի շարք հայտնի բլոգերներ և լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից մեկնում են Արցախի Հանրապետություն որպես բողոքի նշան Ադրբեջանի քաղաքականության դեմ: Դա բողոքի ակցիա է Մինսկում Բաքվի հարցումով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության դեմ, որը ՌԴ և Իսրայելի քաղաքացի է: Մարտի 18-ի առավոտյան Երևան ժամանեցին հայտնի ռուս բլոգերներ Անտոն Նոսիկն ու Անտոն Մերկուրովը, խմբագիր Սվետլանա Բոլշակովան և մի շարք այլ բլոգերներ ու լրագրողներ: Մարտի 19-ին նրանք ուղևորվել են Արցախ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---