10 հոկտեմբերի 2007 - 13:26 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն Սպիտակ տանն է ներկայացրել Հայաստանում դեսպանի պաշտոնի նոր թեկնածուին
ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն Սպիտակ տանն է ներկայացրել Հայաստանում դեսպանի պաշտոնի նոր թեկնածուին: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net- ի թղթակցին Պետդեպարտամենտի դիվանագիտական աղբյուրներից, առաջիկայում կսկսվի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածության հաստատման արարողությունը ԱՄՆ Սենատի Արտաքին գործերի կոմիտեում: «Մենք հուսով ենք, որ այս անգամ սենատորները չեն արգելափակի Սպիտակ տան ներկայացրած թեկնածությունը: Մենք մեծապես կարեւորում ենք Հայաստանի դերը եւ գտնում ենք, որ Երեւանում դեսպանատունը չի կարող այդքան տեւական ժամանակ առանց ղեկավար մնալ»,-նշել է ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար ներկայացվել էր Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որի հաստատումն արգելափակեց սենատոր Ռոբերտ Մենենդեսը` քանի որ Հոգլանդը չէր ընդունում, որ հայերի զանգվածային սպանությունները 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Ցեղասպանություն են եղել: Նախկին դեսպան Ջոն Էվանսը հետ կանչվեց Երեւանում դիվանագիտական կարպուսի ղեկավարի պաշտոնից 2005 թվականին: Հետ կանչելու համար առիթ հանդիսացավ դեսպանի արված հայտարարությունը 2004 թվականի փետրվարի 19-ին Կալիֆորնիայի հայ համայնքի առջեւ, որտեղ նա հայերի ջարդը Ցեղասպանություն անվանեց: