10 հոկտեմբերի 2007 - 15:30 AMT
Ռ.Սաֆրաստյան. Անկարան, անկասկած, հակաամերիկյան քայլեր կձեռնարկի Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեպքում
«ԱՄՆ հասցեին Թուրքիայի սպառնալիքները կարող են իրականացվել: Գուցե դա այդքան էլ զգայուն չլինի Ամերիկայի համար, սակայն այն, որ Անկարան հակաամերիկյան քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման դեպքում, հաստատ է»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Հավանաբար, Թուրքիան այնուամենայնիվ ռազմական գործողություններ կձեռնարկի Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Հյուսիսային Իրաքում, ինչին միշտ դեմ է եղել ԱՄՆ-ն: Վարչապետ Ռեջեփ Էրդողանն արդեն հավանություն է տվել հարձակմանը, եւ համապատասխան նախագիծը մտել է խորհրդարան: Ռազմական գործողության ծրագիրը, բնականաբար, հավանության կարժանանա: Ինչ վերաբերում է Ինջիրլիկի ռազմակայանին եւ Իրաքի մատակարարման հաղորդակցություններին, ես կարծում եմ, որ դա ծայրահեղություն է, որին Թուրքիան չի գնա»,-նշել է Սաֆրաստյանը:

Նրա խոսքերով, 106-րդ բանաձեւի ընդունումը կարող է մղել Թուրքիային արտաքին քաղաքականության առավել ինքնուրույնությանը: «Թուրքիան վաղուց է ձգտում տարածաշրջանային գլխավոր տերություն դառնալ եւ ապահովել իր անվտանգությունը հարեւանների միջոցով: Այդ ավանդույթը գալիս է դեռեւս Օսմանյան կայսրության ժամանակներից: Նշեմ եւս մեկ հանգամանք: Բանաձեւը, որն, ըստ իս, կընդունվի, իրավաբանական փաստաթուղթ չէ, որը կարող է ստիպել ԱՄՆ նախագահին արտասանել «ցեղասպանություն» բառը: Դա ընդամենը Ներկայացուցիչների պալատի օրենք է: Այն նույնիսկ չի ներկայացվի ԱՄՆ Սենատ: Ուղղակի Թուրքիան առիթ ստացավ վարելու սեփական արտաքին քաղաքականություն»,-ընդգծել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման վերաբերյալ քվեարկությունը: