21 մարտի 2017 - 14:41 AMT
Թումոյի Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագիրը պատրաստ է

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագիրը:

Զրուցակիցները քննարկել են Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը կարևորել է բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը և ողջունել Սիմոնյանի նախաձեռնությունն այդ ոլորտում: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը՝ հավելելով, որ այն կնպաստի ոչ միայն կրթության որակի բարձրացմանը, այլ նաև միջավայրի փոփոխությանը, երիտասարդ սերնդի զարգացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Սեմ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և նշել, որ ծրագրի իրականացմանը նպաստելու է նաև Եվրոպական միությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացվել է Երևանում 2011-ի օգոստոսին Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ Սիմոյան կրթական հիմնադրամի կողմից: Կենտրոնի նպատակն է ՏՏ ոլորտի հմտություններ տալ 12-18 տարեկան երիտասարդներին, նրանց ծանոթացնել նորարար տեխնոլոգիաներին: Նշվում է, որ կենտրոնը նաև հնարավորություն է տալիս խորացնելու ուսուցումը: Ստեղծման պահից մինչ օրս կենտրոնում ավելի քան 10.000 մարդ է սովորել: Այժմ Թումոյի բաժանմունքներ են գործում Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում: Նախատեսվում է նմանատիպ կենտրոններ բացել նաև Հայաստանի այլ մարզերում: