Թուրքիայի կառավարությունը դիմել է խորհրդարան` Իրաքում ռազմական գործողություններ սկսելու հավանություն ստանալու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը դիմել է խորհրդարան` Իրաքում քուրդ անջատողականների դեմ ռազմական գործողություններ սկսելու հավանություն ստանալու համար: Վերջին օրերին Քրդական աշխատավորական կուսակցության` ՔԱԿ գրոհայինների հարձակման արդյունքում զոհվել է 15 թուրք զինվոր եւ զայրացած հանրությունը պահանջում է Ռեջեփ Թաիփ Էրդողանից պատասխան միջոցներ ձեռնարկել: Երեքշաբթի Էրդողանը բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել է ՔԱԿ-ի դեմ առավել կոշտ միջոցների կիրառումը, այդ թվում, Իրաքի հյուսիսային շրջաններ ռազմական ներխուժման հնարավորությունը:



«Հրաման է տրվել ցանկացած միջոց, այդ թվում, եթե պահանջվի, սահմանների հատումն ապահովող գործողություն կիրառելու մասին»,-ասվում է վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ: Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գոնուլի խոսքերով, Հյուսիսային Իրաք լայնածավալ ներխուժման համար հարկ կլինի ստանալ խորհրդարանի պատգամավորների հավանությունը: Սակայն նա հավելել է, որ սահմանափակ գործողությունների համար, որտեղ գրոհայիններին հետապնդելիս զինվորականները ստիպված են կարճ ժամանակով հատել Իրաքի սահմանը, խորհրդարանական թույլտվություն չի պահանջվում:



Իր հերթին, Իրաքի իշխանությունները գտնում են, որ անջատողականներին իրենց տեղը ցույց տալու լավագույն միջոցը սեպտեմբերին Բաղդադի եւ Անկարայի միջեւ ստորագրված անվտանգության մասին համաձայնագրին հետեւելն է: Վաշինգտոնը նաեւ զգուշացրել է Թուրքիային Իրաքի հյուսիսային շրջաններ չներխուժելու վերաբերյալ:



«Եթե կան խնդիրներ, նրանք (Թուրքիան եւ Իրաքը) պետք է միասին աշխատեն նրա լուծման ուղղությամբ, եւ ես համոզված չեմ, որ միակողմանի ներխուժումներով կարելի է լուծել այդ հարցը»,-ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն Մըքքորմակը: Բաղդադում եւ Վաշինգտոնում մտավախություն ունեն, թե Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է ապակայունացնել Իրաքի հյուսիսը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---