11 հոկտեմբերի 2007 - 17:05 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ հայ համայնքը համերաշխ է գործում
«ԱՄՆ Սենատ ներկայացվել է Հայոց ցեղասպանության նմանատիպ մի բանաձեւ, որը ճակատագրի հեգնանքով ունի նույն 106-րդ համարը, ինչ եւ Ներկայացուցիչների պալատում: Նրան սատարում են արդեն 33 սենատորներ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի` ԱՀՀ-ի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, դեռեւս չի որոշվել լսումների օրը Սենատում եւ դժվար է ասել, թե դա երբ տեղի կունենա: «Ներկայացուցիչների պալատում 106-րդ բանաձեւի քվեարկության օրը որոշելու է խոսնակ Նենսի Փելոսին: Միանգամայն հնարավոր է, որ դա տեղի ունենա մինչ Կոնգրեսի արձակուրդ գնալը, այսինքն մինչեւ Երախտիքի օրը (նոյեմբերի 25): Ես կարծում եմ, որ շուտով մենք կիմանանք, թե երբ է լինելու քվեարկությունը»,-ասել է Վարդանյանը:

Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը կարող է եւ չընդունվել: «Այժմ բանաձեւին աջակցում են 435 կոնգրեսականներից 226-ը: Օրենսդիրների մի մասը հստակորեն որոշել է, որ դեմ է քվեարկելու, իսկ մյուսները դեռեւս տատանվում են: Հենց նրանց հետ էլ մենք աշխատում ենք: Այդ հարցում ԱՀՀ-ն եւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) համագործակցում են»,-ընդգծել է Վարդանյանը` հավելելով, որ դա ԱՄՆ ողջ հայ համայնքի հարցն է: