Անկարան պարզապես պարտավոր է օգտագործել վերջին «հակաթուրքական» քվերակությունը, վստահ են Բաքվում

PanARMENIAN.Net - Անկարան պարզապես պարտավոր է օգտագործել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի վերջին «հակաթուրքական» քվեարկությունը 106-րդ բանաձեւի շուրջ եւ հատուկ գործողություն սկսել Իրաքի հյուսիսում քուրդ ապստամբների դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն` մեկնաբանելով Իրաքի հյուսիսային սահմանին թուրքական զորքերի կենտրոնացումը եւ նրանց պատրաստակամությունը ներխուժել հարեւան երկրի տարածք:



Նրա խոսքերով, հատուկ գործողությանը ԱՄՆ-ն խիստ պատասխան չեն տա: Ընդ որում, Ալիզադեն վստահություն է հայտնել, որ անմիջապես Ռամազանը նշելուց հետո, թուրքական խորհրդարանը «հավանություն» կտա զորքերը Հյուսիսային Իրաք ուղելու համար: «Որքան կարելի է դիմանալ Թուրքիայում, ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում օրենքից դուրս հայտարարված Քրդական աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) ահաբեկիչների հարձակումներին: Բոլորը, եւ առաջին հերթին ամերիկացիները, հոյակապ տեղյակ են, որ նրանց կայանները գտնվում են Հյուսիսային Իրաքում, եւ նրանք օգտվում են քրդական իշխանությունների բարյացկամությունից: Միլիոնավոր քրդեր պահանջում են իրենց կառավարությունից եւ զինվորականներից պաշտպանել իրենց կյանքը, վերջ դնել ՔԱԿ-ի հանցավոր գործունեությանը»,- նշել է նա:



Ալիզադեն ընդունել է, որ ռազմական գործողությունների արդյունքում կարող են զոհեր լինել, ինչպես թուրք զինվորականների, այնպես էլ խաղաղ քուրդ բնակչության շարքերում, սակայն ընդգծել է, որ հենց խաղաղ բնակչությանն է անհրաժեշտ ազատել «մինչեւ ատամները զինված հանցագործների իշխանությունից», որոնք, իբր, պայքարում են ի շահ քրդերի: ԱՍԴԿ համանախագահը նշել է, որ մեկ հատուկ գործողությունը չի ազատի Թուրքիային քուրդ ահաբեկիներից, եւ այդ պատճառով նման գործողությունները Հյուսիսային Իրաքում պետք է անցկացնել այնքան ժամանակ, մինչեւ չոչնչացվի ահաբեկչության վերջին կայանը:



Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հարցով կոնգրեսականների վերջին քվեարկության արդյունքները (27 «կողմ», 21 «դեմ»)` Ալիզադեն նկատել է, որ «դա միայն ծաղիկներն են, իսկ պտուղները առջեւում են»: Ալիզադեի կարծիքով, եթե բանաձեւն անցնի նաեւ ԱՄՆ Կոնգրեսում, ապա դրա ընդունումը ՄԱԿ-ում կդառնա ժամանակի հարց: Ալիզադեն կոչ է արել ատլանտամետ ուժերին Արդբեջանում դասեր քաղել Թուրքիայի սխալներից, որին ԱՄՆ-ն պարզապես դավաճանեցին, չնայած, որ այն ավելի քան 50 տարի եղել է նրանց ամենահավատարիմ դաշնակիցը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---