12 հոկտեմբերի 2007 - 13:23 AMT
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը ետ է կանչվել հայրենիք խորհրդատվությունների համար
Թուրքիան ետ է կանչել Վաշինգթոնում իր դեսպանին խորհրդատվությունների համար: Դա կապված է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերով կոմիտեի որոշման հետ` ճանաչել հազարավոր հայերի սպանությունը որպես Ցեղասպանություն, հաղորդում է Associated Press-ը: Թուրքիայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Լեւենտ Բիլմանի խոսքերով, դեսպան Նաբի Շենսոյը հայրենիքում 7-ից 10 օր է անցկացնելու: Այդ ժամանակահատվածում Անկարան պետք է կողմնորոշվի` ինչպես գնահատել ամերիկացի կոնգրեսականների գործողությունները:

Արժէ նշել, որ ավելի վաղ Թուրքիան բազմաթիվ անգամներ հայտարարել էր, որ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչումը կհանգեցնի Վաշինգթոնի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացմանը: Սակայն չնայած այդ զգուշացնումներին, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն ձայների մեծամասնությամբ դատապարտել է գրեթե հարյուրամյա պատմություն ունեցող դեպքերը:

Անհրաժեշտ է ընդգծել, որ կոնգրեսականները քվեարկել են Ջորջ Բուշի աշխատակազմի համար ամենաանհարմար պահին: Սպիտակ Տունը այս օրերին համոզում է թուրք ղեկավարներին հետաձգել ներխուժումը Իրաքի Քրդստան: Ամերիկացի քաղաքական գործիչների կարծիքով, ռազմական գործողությունը կարող էր լրջորեն բարդացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում, որը առանց այդ էլ հանգիստ չէ: Սակայն Թուրքիայում հայտարարում են, որ մտադիր են պատասխանել քրդերին երկրի հարավ-արեւելյան հատվածում զինվորականների սպանությունների համար, գրում է RBC-ն: