12 հոկտեմբերի 2007 - 17:18 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մինչ տարվա վերջ կքվեարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հարցով
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին չի պատրաստվում նահանջել Թուրքիայի ճնշման պատճառով եւ մտադիր է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը քվեարկության ներկայացնել: Այդ մասին նա հայտարարել է Վաշինգթոնում մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA): Նենսի Փելոսին ընդգծել է, որ քվերկությունը կայանալու է այս աշնանը: «Մենք ողջոնում ենք խոսնակ Փելոսիին նրա ամուր դիրքորոշման մեջ պատմական արդարության հարցում: 106-րդ բանաձեւի հակառակորդները, այդ թվում Սպիտակ տունը, թուրքական կառավարությունը եւ նրա լոբբիստական բանակը, իրենց ողջ ուժն ուղղել են քաղաքական ցունամի ստեղծելուն, որպեսզի կանխեն քվերակությունը: ԱՄՆ հայկական համայնքը պաշտպանում է Նենսի Փելոսիին նրա ամուր դիրքորոշման մեջ` հակազդել Թուրքիայի հիստերիկ թմբկահարությանն ու շանտաժին: Մենք գիտենք, որ բանաձեւի ընդունման համար բավարար աջակցություն ունենք եւ մենք անհամբերությամբ սպասում ենք քվեարկությանը Ներկայացուցիչների պալատում»,- հայտարարել է AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին ետ կանչելուն ի պատասխան Արտաքին գործերով կոմիտեի որոշման, ապա Արդունին ընդգծել է, որ Պալատը ցուցադրել է, որ թույլ չի տա օգտագործել Իրաքի պատերազմը որպես ճնշման լծակ: «Կոնգրեսականները կանգնել են նրանց դեմ, ովքեր ճնշում են գործադրում Հայոց ցեղասպանությունը պաշտպանողների վրա, եւ մենք ոգեւորությամբ ենք ընդունում այն փաստը, որ Նենսի Փելոսին շարունակում է պաշտպանել արդար որոշումը»,- ասել է AAA-ի գործադիր տնօրենը: