Մոսկվայում ցույցի ժամանակ 1030 մարդ է ձերբակալվել. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն քննադատել են ՌԴ իշխանություններին

Մոսկվայում ցույցի ժամանակ 1030 մարդ է ձերբակալվել. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն քննադատել են ՌԴ իշխանություններին

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիայի ընթացքում պաշտոնական տվյալներով բերման է ենթարկվել 600 մարդ: Այս մասին ասել է Մոսկվայի շրջանային անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի բաժանմունքի պետ Վլադիմիր Չերնիկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հասարակական կազմակերպությունների տվյալներով, սակայն, ցույցի ժամանակ բերման է ենթարկվել 1030 մարդ: Նրանց տարել են ոստիկանության տարբեր 51 բաժանմունք: Մiնչև այժմ բաժանմունքներում է շարունակում մնալ նվազագույնը 120 մարդ:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ Պետդեպը դատապարտել է կոռուպցիայի դեմ ցույցի դուրս եկած հարյուրավոր մարդկանց ձերբակալությունը: Կառույցը կատարվածն անվանել է ժողովրդավարական արժեքների ոտնահարում:

«Մենք կոչ ենք անում ՌԴ իշխանություններին անմիջապես ազատ արձակել խաղաղ ցույցի դուրս եկած մարդկանց»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած են ընդդիմադիր Ալեկսեյ Նավալնիի ձերբակալությամբ և նրա ղեկավարած՝ կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպությունում խուզարկության մասին լուրերով:

ԵՄ-ն ևս կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել հակակոռուպցիոն ակցիայի մասնակիցներին:

Մարտի 26-ին Մոսկվայում տեղի է ունեցել 2011-ից ի վեր ամենամասշտաբային բողոքի ակցիան: Նշվում է, որ Ալեկսեյ Նավալնին կարողացել է կոռուպցիայի դեմ երթի հանել հազարավոր մարդկանց: Սակայն նշվում է, որ ներկաների գրեթե կեսը դպրոցականներ ու առաջին կուրսի ուսանողներ են եղել: Ինքը Նավալնին ձերբակալվել է ցույցի հենց սկզբում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---