15 հոկտեմբերի 2007 - 14:48 AMT
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության կդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մինչեւ նոյեմբերի 16-ը
Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը քվեարկության կդրվի մինչեւ նոյեմբերի 16-ը, մինչ ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս նստաշրջանի ավարտը: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը ABC-ի եթերում: Նրա խոսքերով, Կոնգրեսում 26 տարվա աշխատանքի ընթացքում թուրք պաշտոնյաների հետ հանդիպումներում նա միշտ լսել է թե «այժմ ժամանակը չէ» բանաձեւի ընդունման համար:

«Ես չեմ լսել նախագահ Ջորջ Բուշից, որ նա կոչ անի վետո դնել բանաձեւի վրա: Ես լսել եմ դա պետքարտուղարներից եւ վարչակազմի ներկայացուցիչներից: 106-րդ բանաձեւը համապատասխանում է նրան, ինչ մեր կառավարությունը միշտ ասել է այդ ժամանակվա իրադարձությունների մասին: Դա խորհրդատվական փաստաթուղթ է: Նման հայտարարություններով հանդես են եկել 23 երկրներ: Մենք պետք է լինենք 24-ը»,-իր հերթին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է Bloomberg գործակալությունը: