29 մարտի 2017 - 12:11 AMT
Ռուսաց լեզվի ուսուցիչ Արսեն Գրիգորյանը լավագույնն է ճանաչվել Ալթայում

ՌԴ Բառնաուլի 42-րդ վարժարանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Արսեն Գրիգորյանը ճանաչվել է Ալթայի երկրամասի լավագույն ուսուցիչ:

Արսեն Գրիգորյանը Ռուսաստան է արտագաղթել ծնողների հետ 24 տարի առաջ՝ 1993-ին: Նա մանկուց էր երազել տետրեր ստուգել: Գրիգորյանը ծնվել է ուսուչների ընտանիքում՝ մայրը դասվար էր, հայրը՝ քիմիայի ուսուցիչ: Սակայն հետո ընտանիքը ստիպված էր ՌԴ արտագաղթել ղարաբաղյան հակամարտության պատճառով»,-գրել է «Նաշի նովոստին»:

«Ռուսաստանում ես 5-րդ դասարան գնացի, ռուսաց լեզուն չէի հավանում, հարաբերություններս ուսուցչուհու հետ չէին դասավորվում, իսկ հետո ուսուցիչը փոխվեց: Մեզ սկսեց դասավանդել Դուդկինան, հենց նրան կարող եմ այսօր շնորհակալություն ասել»,-հիշում է Արսեն Գրիգորյանը:

Գրիգորյանն արդեն 12 տարի է դասավանդում է Բառնաուլի վարժարանում:

«Նա դեռ ուսանող էր, երբ մեզ մոտ եկավ ու ասաց, որ ուզում է մեր մոտ աշխատել: Ես նայեցի երիտասարդին ու հարցերցի. «Արդյո՞ք հարկ կա էներգիա և գիտելիքներ ծախսել ձեզ վրա, երկար ժամանակո՞վ եք եկել։ Նա տխուր նայեց ու ասաց` երևի ընդմիշտ»,- պատմել է վարժարանի տնօրեն Հենրիետտա Տատարնիկովան։

«2013-ին Արսեն Գրիգորյանն առաջին անգամ որոշեց մասնակցել «Տարվա ուսուցիչը» մրցույթին, սակայն հաջողության չհասավ: Բայց Գրիգորյանը չհանձնվեց, նա իր վարպետության դասերով շրջեց ամբողջ երկրամասով և հասավ իր նպատակին»,-գրում է թերթը:

2017-ի հոկտեմբերին Արսեն Գրիգորյանը կմասնակցի դաշնային մրցույթին: