29 մարտի 2017 - 13:26 AMT
Գիտնականներ. Հայկական սփյուռքը պահպանել է բնիկ պոպուլյացիայի գենոֆոնդը

Ուսումնասիրելով Առաջավոր Ասիայի ժողովրդների գենոֆոնդը՝ ռուս գիտնականները եկել են այն եզրակացության, որ գենետիկորեն առավել շատ են տարբերվում լեռներում և հարթավայրերում բնակվող ժողովրդները: Պարզվել է, որ հայկական համայնքները հիմնականում պահպանել են բնիկ հայկական պոպուլյացիայի գենոֆոնդը: Իսկ Արևելյան Եվրոպայի բրոնզե դարի տափաստանային քոչվորները հայրական գծով արևմտաեվրոպացիների նախահայրերը չեն: Փոխարենը նրանք Ղրիմի թաթարների մի մասի նախնիներն են:

Հեղինակները հիմնակնաում ՌԳԱ Ընդհանուր գենետիկայի ինստիտուտի գենոմային լաբորատորիայի կոլեկտիվի անդամներ են, որը ղեկավարում է կենսաբանական գիտությունների դոկտոր Օլեգ Բալանովսկին: Հետազոտությանը մասնակցել են նաև մարդու պոպուլյացիոն գենետիկայի լաբորատորիայի մասնագետները կենսաբանական գիտությունների դոկտոր Ելենա Բալանովսկայայի ղեկավարությամբ, ինչպես նաև գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Հայաստանից և «Գենոգրաֆիկ» նախագծի կոնսորցիումի աշխատակիցները: Առաջավոր Ասիայի մաս են համարվում Անատոլիան, Լևանտը, Միջագետքը, Արաբական թերակղզին, Հայկական և Իրանական լեռնաշխարհները: Այդ տարածաշրջանը նեոլիթի դարաշրջանում կարևորագույն միգրացիաների աղբյուր է եղել, որոնց արդյունքում Եվրոպա է բերվել երկրագործությունը: Միևնույն ժամանակ գենետիկորեն Առաջավոր Ասիան մինչև վերջերս լավ ուսումնասիրված չի եղել:

Գենետիկները ԴՆԹ նմուշներ են վերցրել և հետազոտել են Y-քրոմոսոմները վրացիների 3 և հայերի 4 պոպուլյացիայում՝ ընդհանուր առմամբ հետազոտվել է 598 մարդ: Այդ արդյունքները նրանք միացրել են այլ ժողովրդների վերաբերյալ արդեն հրապարակված տվյալների հետ՝ ստանալով Y-քրոմոսոմներով տվյալների մեծ բազա՝ 6000 մարդ Առաջավոր Ասիայի 60 պոպուլյացիայից, գրում է Antropogenez.ru-ն:

Սխեմայով այդ ժողովրդները բաժանվել են 2 խմբի: Առաջին խմբի մեջ են մտել Հորդանանի, Լիբանանի, Իրաքի, Սիրիայի և Արաբական թերակղզու ժողովրդները: Երկրորդ խմբում են ընդգրկվել հայերը, ադրբեջանցիները, քրդերը, թուրքերը և Իրանի ժողովրդները: Առաջին խմբում ընդգրկվել են հարթավայրերում բնակվող ժողովրդները, երկրորդում՝ լեռներում:

Պոպուլյացիաները խմբավորել են ամենատարբեր հատկանիշներով՝ բաժանելով արևմտյանների և արևելյանների, լեռնայինների և հարթավայրայինների, հնդեվրոպական լեզուներով խոսողների և թրքալեզու ու սեմական լեզուներով խոսողների: Յուրաքանչյուր դեպքում գնահատվել են գենետիկ տարբերությունները: Պարզվել է, որ տարբերություններն առավելագույնն են հարթավայրերում և լեռներում ապրող ժողովրդների միջև:

Նույն օրինաչափությունը գործում է նաև Առաջավոր Ասիայի յուրաքանչյուր խոշոր ժողովրդի դեպքում՝ գենետիկ նմանության քարտեզը ցույց է տալիս, թե տվյալ ժողովուրդը որ տարածքների բնակչության հետ նմանություն ունի, և որոնցից է տարբերվում: Օրինակ, Սիրիան, լինելով առավելապես հարթավայրային, գենոֆոնդով ավելի մոտ է հարթավայրային պոպուլյացիաներին, թեև աշխարհագրորեն հեռու է նրանցից, քան հարևանությամբ ապրող լեռնեցիներին:

Ըստ պրոֆեսոր Օլեգ Բալանովսկու, «Առաջավոր Ասիայի գենոֆոնդերը շատ տարբեր են, սակայն հաջողվել է դասակարգել դրանք՝ պարզվեց, որ հարթավայրերում ապրող բոլոր ժողովուրդները նման են իրար, իսկ լեռնեցիներն՝ իրար»: «Մենք կարծում ենք, որ դա կապված է բնակչության պատմության հետ, այն հանգամանքի հետ, որ միգրացիան հիմնականում տեղի է ունեցել նմանատիպ լանդշաֆտների միջև, իսկ լեռներից հարթավայր, կամ հակառակը՝ հարթավայրից լեռներ շատ ավելի հազվադեպ»,-ասել է նա:

Եվ այստեղ խոսքը «բարձր լեռնային գեների» մասին չէ, ինչպես Տիբեթի բնակիչների դեպքում, որոնք օգնում են նրանց հարմարվել լեռնային կյանքին, քանի որ Y-քրոմոսոմը, որը գնահատել են գիտնականները, կապված չէ արտաքին գործոնների հետ, փոխարենը պահպանում է բնակչության գենետիկ պատմության տարեգրությունը:

Հայերը գենետիկորեն դասվում են Առաջավոր Ասիայի ժողովրդների խմբին, իսկ նրանց գենոֆոնդի հետ առավելագույն նմանության գոտին համապատասխանում է Հայաստանի պատմական տարածքին: Դա կարող է նշանակել, որ այդ տարածքում գենոֆոնդը որոշ չափով պահպանվել է՝ չնայած, որ բնակեցվել է թուրքերով: Հետաքրքրական է, որ հայկական համայնքները՝ Վրաստանի, Իրանի, Լիբանանի հայերը, գենետիկորեն շատ մոտ են Հայկական լեռնաշխարհի հիմնական հայկական պոպուլյացիային: Բացառություն են կազմում միայն համշենահայերն ու Դոնի հայերը:

Ինչ վերաբերում է վրացիներին, թեև նրանք գենետիկորեն հիմնականում նման են հայերին, սակայն իմերեթներն ու արևելյան վրացիներն ավելի մոտ են ոչ թե հարավային հարևաններին՝ Առաջավոր Ասիայի ժողովրդներին, այլ հյուսիսայիններին՝ Արևմտյան և Կենտրոնական Կովկասի ժողովրդներին: