29 մարտի 2017 - 12:55 AMT
Արցախում գնդային մարտավարական զորավարժություն է անցկացվել

Մարտի 22-ից 25-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, բանակային զորատեսակների և ստորաբաժանումների ներգրավմամբ անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն:

Զորավարժությունը հնարավորություն է տվել կատարելագործել ներգրավված անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները, բարձրացնել դաշտային վարժվածության մակարդակն ու անընդհատ փոփոխվող իրադրությունում որոշումներ ընդունելու ունակությունները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորավարժությունն անցել է ըստ նախատեսված պլանի և ևս մեկ անգամ ցույց տվել, որ ինչպես պայմանական, այնպես էլ իրական մարտադաշտում պաշտպանության բանակն ի վիճակի է կատարել իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր և ապահովել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը:

Զորավարժության եզրափակիչ փուլին ներկա են գտնվել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը։