29 մարտի 2017 - 14:01 AMT
Բակո Սահակյան. Բարեփոխումները պետհամակարգից նպատակասլաց աշխատանք են պահանջում

Սահմանադրական բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատև, ակտիվ և նպատակասլաց աշխատանք: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ հրավիրված ընդլայնված խորհրդակցությանը:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր ելույթում Բակո Սահակյանը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը բոլոր շահագրգիռ և պատասխանատու անձանց գիտակցված վերաբերմունքն է իրենց առջև դրված խնդիրների լուծմանը, փոխգործակցված և փոխհամաձայնեցված աշխատանքը, ջանքերի առավելագույնս ներդրումը, համոզմունք հայտնելով, որ տարվելու է արդյունավետ աշխատանք և արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման և Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թևերի ներկայացուցիչները:

ԼՂՀ Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է կիսանախագահականից անցնել նախագահական կառավարման: Ըստ Արցախի ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103. 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 79.428-ը, որը կազմում է ընդհանուր թվի 76.52%-ը:

Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69.540 կամ ընդհանուր քվեարկածների 87,55 %-ը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7.686 կամ ընդհանուր քվեարկածների 9.7 %-ը, անվավեր քվեաթերթիկներ է ճանաչվել 2.202 քվեաթերթիկ կամ ընդհանուրի 2.8 %-ը: