
Մարտի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է դատավճիռը «Գրիգորյանն ու Սերգեևան ընդդեմ Ուկրաինայի» գործով, որի համաձայն Կիևը պարտավորվել է 10.000 եվրո վճարել հօգուտ հայցվորների:
ՄԻԵԴ նման որոշման համար հիմք են ծառայել Ռոման Գրիգորյանի և նրա կնոջ Լարիսա Սերգեևայի հանդեպ իրավախախտումներն Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից, գրում է Rusarminfo-ն:
2010 ապրիլին ոստիկանները կանգնեցրել են տաքսին, որտեղ 4 ուղևոր կար, այդ թվում հայցվորները՝ Ադրբեջանի քաղաքացի Ռոման Գրիգորյանը, որը 1997թ-ից փախստականի կարգավիճակ ունի, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացի Լարիսա Սերգեևան: Վիճաբանության ընթացքում իրավապահները գերազանցել են իրենց լիազորություններն ու ուժ են կիրառել Գրիգորյանի և Սերգեևայի դեմ՝ դուրս քաշելով նրանց մեքենայից փաստաթղթերը ստուգելու համար: Իսկ արդեն ոստիկանության բաժանմունքում նրանց հասցեին իրավապահների կողմից անվայել արտահայտություններ են հնչել:
Վկայությունների մեջ ասվում է, որ Գրիգորյանի հասցեին բազմիցս ազգային պատկանելության հատկանիշով վիրավորական խոսքեր են հնչել: Սերգեևային, որը Գրիգորյանի քաղաքացիական կինն է, իրավապահներն անվանել են «հայի պոռնիկ»: Բացի այդ բռունցքով հարվածել են բերման ենթարկվածների դեմքին, թքել են նրանց երեսին: