30 մարտի 2017 - 16:45 AMT
Չծառայելու համար տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու օրենքի ժամկետը երկարացվել է

Պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած երիտասարդների՝ տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2015-ի մայիսի 1-ը: Համապատասխան փոփոխությունների որոշումըն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 30-ի նիստում:

Օրենքը գործում էր մինչև 2009-ի մայիսի 1-ը:

Այսպիսով, օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992-ի աշնանային զորակոչից մինչև 2015-ի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիների (անձանց) վրա:

Որոշման հիմնավորման համաձայն՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն մի քանի անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը ՀՀ ապահովելու գործում:

Ակնկալվում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:

Օրենքի գործողությունը չի տարածվում մինչև օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա: