31 մարտի 2017 - 10:44 AMT
Շուշիի իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում պեղումներ են իրականացվում

Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը մարտի 21-ից պեղումներ է իրականացնում Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում։

Այս մզկիթը կառուցվել է 1883թ.-ին՝ իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այսօր Շուշիի «Վերին մզկիթը», թեև մասնակի վնասված, բայց՝ կանգուն։

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի խոսքով, «Վերին մզկիթի» տարածքում անցկացվող հնագիտական պեղումները թույլ կտան հուշարձանի ճշգրիտ վերականգնման նախագիծ կազմել, հաղորդում է ՀՀ «Պահպանության ծառայությունը»։

Պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի ղեկավարած հնագիտական արշավախումբն աշխատում է հուշարձանի արևելյան և արևմտյան տապանաբակերում։

«Ե′վ պեղումները, և′ դրան հաջորդող վերականգնման աշխատանքները լավագույն վկայությունն են, որ Արցախի տարածքում պահպանվում է ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլև` օտարներինը։ Սա մշակութային հանդուրժողականության վառ դրսևորում է»,-համոզված է արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանը։ Պեղումների արդյունքում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին:

Ոչ միայն հայկական, այլև օտարների պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ արցախցիների դրսևորած հոգատար վերաբերմունքի մասին է վկայում նաև այն իրողությունը, որ Շուշիի իրանական «Վերին մզկիթն» արդեն մեկ անգամ վերականգնվել է. 2008-2009թթ.-ին նորոգվել է տանիքը։

«Վերին մզկիթից» բացի Շուշիում կա ևս մեկ իրանական կառույց՝ «Ներքին մզկիթը», որը թեև նախորդից ավելի վաղ է կառուցվել, սակայն դարձյալ կանգուն է։ «Վերին մզկիթի» պեղումները կտևեն ևս 20 օր։