31 մարտի 2017 - 14:30 AMT
Կուրց. ԼՂ հարցի շուրջ առարկայական բանակցությունների վերսկսման վրա կենտրոնանալու ժամանակն է

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ավելի վաղ արված հայտարարությանը, որով ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արվել ակտիվացնել կարգավորման քաղաքական գործընթացը:

«Մեկ տարի առաջ տեղի ունեցած բախումներն ու բռնությունը, որը վատագույնն էր վերջին երկու տասնամյակում, ավերածությունների, տառապանքների ու մարդկային կորուստների պատճառ դարձան: Այդ ամենը վառ հիշեցումն էր, թե ինչ արագությամբ պատերազմը կարող է խաթարել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Այդ կապակցությամբ, կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել հրադադարի ռեժիմը: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան իրենց միջազգային մարդասիրական պարտավորություններին խստորեն հետևելու հանձնառությանը՝ պատերազմական հանցագործությունները երբևէ արդարացում չունեն»,- նշված է հայտարարության տեքստում, հայտնում է Panorama.am-ը: :

Անդրադառնալով 2016-ի ապրիլին շփման գծում բռնկված բռնությանը՝ Կուրցն ասել է, որ բանակցային գործընթացում նոր խթանների հույս է հայտնել:

«Շփման գծում տեղի ունեցած բռնությունները և հրադադարի լուրջ խախտումները, որոնց արդյունքում նաև կորուստներ արձանագրվեցին, մեր մտահոգության առարկան էին նախորդ ողջ տարվա ընթացքում: Այժմ վստահության կառուցման, ինչպես նաև առարկայական բանակցությունների վերսկսմանն ուղղված պրագմատիկ ու կիրառական քայլերի վրա կենտրոնանալու իսկական ժամանակն է»,- նշել է Սեբաստիան Կուրցը:

Վերջինս ափսոսանք է հայտնել ապրիլյան ողբերգական իրադարձությունների հետևանքով մարդկային կորուստների առնչությամբ և իր ցավակցությունը հայտնել նրանց ընտանիքներին:

«Մեկ տարի առաջ տեղի ունեցած կռվին հաջորդած հետցնցումները հայերի ու ադրբեջանցիների համար ավելի դժվար դարձրեցին խաղաղությանը հավատալը, բայց ինչպես բազում առիթներով եմ ես ասել, Լեռնային Ղարաբաղի հակամարատությունը չունի ռազմական լուծում: Մենք պետք է հիմա պատրաստվենք խաղաղության և թույլ չտանք պատերազմին հետ գալ՝ իր սարսափելի հետևանքներով հանդերձ»,- հավելել է Սեբաստիան Կուրցը:

Ավստրիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի գործունեությանը՝ նշելով. «ԵԱՀԿ նախագահությունը հաստատուն է՝ իր ներդրումն ունենալու և նպաստելու կողմերի միջև 2016-ին Վիեննայի և Սանկ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա առաջախաղացմանն ու իրականացմանը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: Նրանք հայտնել են, որ պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը՝ մինչև հիմնախնդրին խաղաղ ու քաղաքական լուծում կգտնվի: Երկու երկրների իշխանությունների հետ հանդիպումներում, ըստ հայտարարության, համանախագահները ընդգծել են դեսպան Կասպշիկի առաքելությանն աջակցությունն ու դրա սկզբունքային նշանակությունը: Համանախագահները նաև պնդել են, որ զինադադարի նկատմամբ հարգանքը կարևոր է հետագա բանակցություններում կառուցողական ու փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար: