31 մարտի 2017 - 15:24 AMT
Հռոմի պապը պահանջել է շտապ քայլեր ձեռնարկել Մոսուլի բնակիչներին պաշտպանելու համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգված է Իրաքում ռազմական գործողությունների սաստկացմամբ և շտապ միջոցներ է պահանջում ձեռնարկել Մուսուլի խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:

Այդ մասին Հռոմի պապը հայտարարել է Իրաքի եկեղեցականների մեծ պատվիրակության հետ հանդիպմանը, որի կազմում նաև մահմեդականներ կային՝ շիա և սուննի, ղպտիներ, կաթոլիկներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պապն ասել է, որ մտածում է «քաղաքացիական բնակչության մասին Մոսուլի արևմտյան թաղամասերում, և պատերազմի պատճառով անօթևանների մասին»: Ֆրանցիսկոսն իր «խորը ցավն է հայտնել արյունալի հակամարտության զոհերի կապակցությամբ և պահանջել է շտապ քայլեր ձեռնարկել Մոսուլի բնակիչներին պաշտպանելու համար:

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումն ավելի վաղ հայտարարել էր, որ այն, ինչ կատարվում է Մոսուլում, հումանիտար աղետ է, սակայն չի կարելի քաղաքը թողնել ահաբեկիչների ձեռքում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրաքյան Մոսուլում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից: Իրաքի կառավարությունը հորդորել է նրանց մնալ իրենց տեղերում, չհեռանալ տներից և չգնալ պոտենցիալ ավելի անվտանգ տեղեր:

Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը: Հետազոտությունը վերաբերում է այն ավիահարվածներին, որոնք, ենթադրաբար, կարող էին հասցվել մարտի 17-23-ը: