Սարգսյանն ամփոփում է քարոզարշավը. Որոշելու ենք մեր երկրի՝ գալիք 5 տարվա զարգացման ուղին

Սարգսյանն ամփոփում է քարոզարշավը. Որոշելու ենք  մեր երկրի՝ գալիք 5 տարվա  զարգացման ուղին

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների արդյունքում որոշվելու է ՀՀ գալիք 5 տարվա զարգացման ուղին: Այս մասին ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք վերջ­նական հանգրվանի պիտի հասցնենք այն, ինչ սկսել ենք։

Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ և ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ եր­կիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ և ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին», - ասել է նախագահը:

Սարգսյանը հավելել է. «ապրիլի 2-ին մենք խոնարհվելու են ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտելիս զոհված մեր տղաների շիրիմներին։ Ապրիլի 2-ին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիներ, նաև ընտրատեղամաս ենք գնալու՝ որոշելու համար մեր երկրի՝ գալիք 5 տարիների զարգացման ուղին։

Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս։ Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեա­թերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ ու զրահատեխ­նիկա, պաշտպանական նոր կառույցներ ու զորքերի տեղաբաշխման արդյու­նավետ սխեմաներ, դեպի խաղաղության պարտադրում և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողա­կանորեն ավելացում: Ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր և ինչպես են լուծելու մեր թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Եվ վերջապես քվեաթերթիկ ընտրելիս հարկ է ընտրել, իհարկե, լավ ապրելու համար, բայց չմոռանալով, որ լավ ապրելու համար նախ պետք է պաշտպանել լինելու, ապրելու իրավունքը, այլապես իմաստ չունի լավ կյանքի պատկե­րացումներից խոսել, եթե պատկե­րացում չունես, թե այդ կյանքի իրա­վունքն ինչպես պետք է պաշտպանել, ինչպես պետք է բռնել այդ կյանքի վրա բռնանալու պատրաստ ձեռքը»։

ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---