ԼՂ վարչապետ. Արցախում արևային էներգետիկա կդասավանդեն

ԼՂ վարչապետ. Արցախում արևային էներգետիկա կդասավանդեն

PanARMENIAN.Net - Արցախում արևային էներգետիկայի դասավանդում է սկսվելու: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության վարչապետ, «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա ապրիլի 1-ին մասնակցել է կառույցի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին:

«Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանի» տնօրեն Վասպուրակ Կարապետյանը հանդես է եկել ամփոփիչ հաշվետվությամբ: Նա, մասնավորապես, ներկայացրել է ուսումնարանի մասնագիտությունների, ունեցած հնարավորությունների և աշակերտների ուսումնառության ու կեցության պայմանները:

Տնօրենի խոսքով՝ ուսումնարանում ստեղծված նոր մասնագիտությունների թվում է նաև արևային էներգետիկան, որը նոր հնարավորություն է այդ ոլորտի մասնագետների պատրաստման համար:

Հարությունյանը բավարար է գնահատել կատարված աշխատանքները և նշել, որ արհեստագործական ուսումնարանի ունեցած ներուժը պետք է առավելագույնս օգտագործել: Վարչապետի խոսքով՝ պետական և բարեգործական միջոցներով բարձրակարգ պայմաններ են ապահովվել կրթօջախում, որտեղ կիրառական կրթությունն ու կեցությունը երաշխավորված են աշկերտների համար:

«Այն ուսումնամեթոդական բազան, ունեցած հնարավորություններն ու պայմանները, որոնք առկա են «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանում», իրենց տեսակով եզակի են ամբողջ տարածաշրջանում: Կարծում եմ՝ արդեն մոտ ապագայում այս կրթօջախի շնորհիվ Արցախի աշխատաշուկայում լուծվելու է բարձրակարգ արհեստավորների ու շինարարների պահանջարկի խնդիրը: Ավելին՝ ուսումնարանի կողմից կիրառվող նորարարական մեթոդները հաստատապես նոր որակ են բերելու տվյալ բնագավառներում:

Ինչ վերաբերում է արևային էներգետիկային, ապա Արցախում պետք է սկսենք այդ մասնագիտության դասավանդումը: Համոզված եմ, որ այս նոր ոլորտը մեծ ներուժ ունի մեր հանրապետությունում, և կառավարությունը պատրաստվում է զարգացման համապատասխան ծրագրեր իրագործել առաջիկա տարիներին, որոնցում ուսումնարանն իր նշանակալի դերն է ունենալու»,- ասել է վարչապետը:

Կարապետյանի ներկայացմամբ՝ ուսումնարանի ավելի քան ութ տասնյակ աշակերտներն ունեն անվճար կեցության, սննդի ու մասնագիտական բարձր գիտելիքներ ստանալու համար ստեղծված բոլոր պայմանները: Գործնական պարապմունքների ընթացքում նրանք հնարավորություն են ունենում աշխատել շինհարթակներում և դրա դիմաց աշխատավարձ ստանալ:

«Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը» հիմնադրվել է ֆրանսահայ մեծանուն բարերար Եզնիկ Մոզիյանի կտակի հիման վրա 2015-ին: Ուսումնարանի հիմնադիրներն են ԱՀ կառավարությունը, «Ֆրանսիայի հայկական հիմնադրամը» և Եզնիկ Մոզիյանի ընտանիքի ներկայացուցիչ Ռոբերտ Այդաբիրյանը, իսկ Շուշիում տեղակայված շենքի կառուցման և ուսումնարանի հետագա գործունեության ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության և «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից: Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել են ներկայացուցիչներ Արցախից, «Հայաստան» համահայկական հիմնադրամից և Ֆրանսիայից՝ ներառյալ ազգությամբ ֆրանսիացի մասնագետներ:

Ուսումնարանը տրամադրելու է նախնական արհեստագործական եռամյա կրթություն, որը գործելու է երկակի համակարգով՝ ուսուցման գործընթացում ընդգրկելով կրթական հաստատությունը և շինարարական ընկերությունները: Գլխավորապես շինարարական արհեստներ ուսուցանող կրթօջախը մեկնարկային տարում արդեն ընդունել է շուրջ 70 աշկերտ ԱՀ բոլոր շրջաններից և Սյունիքից, որոնց դասավանդումը կազմակերպվելու է Ֆրանսիայում վերապատրաստված հայազգի և հրավիրյալ ֆրանսիացի դասախոսների կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---